AM
22 Հունվար 2013 - 15:25 AMT

Սերժ Սարգսյան. Խնդիրները լուծվում և լուծվելու են համակողմանի ու ամբողջական

ՀՀ գործող նախագահ, նախագահի ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Գորիսի ընտրողների հետ: Հանդիպմանը Սերժ Սարգսյանը խոսել է ապահով Հայաստանի մասին: ՀՀ նախագահի թեկնածուի խոսքով, ապահով Հայաստանի մասին իր և բոլոր հավաքվածների պատկերացումների մեջ հազիվ թե մեծ տարբերություն լինի, քանի որ բոլորն էլ նույնն են ցանկանում՝ խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, արժանավայել վաստակ, որակյալ կրթություն և առողջապահություն։ Ըստ Սերժ Սարգսյանի` այս ամբողջի հավաքականությունն է կոչվում «Ապահով Հայաստան»: Նախագահի թեկնածուն իր առաջարկած ծրագրի հիմնական արժեքը համարել է բազմակողմանիությունը և ընդգծել, որ մեր հասարակության և պետության առջև ծառացած խնդիրները լուծվում և լուծվելու են համակողմանի ու ամբողջական՝ դիտարկվելով որպես մեկ ամբողջի մասեր, որտեղ յուրաքանչյուր բաժին լրացնում է մյուսին, և որևէ ոլորտում արձանագրված հաջողություն արտացոլվում և դրական ազդեցություն է ունենում մնացած բոլոր ասպարեզներում:

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը անդրադարձել է կրթության, առողջապահության, տարածքների համաչափ զարգացման, անվտանգության ապահովման և մի շարք այլ ոլորտներում իրականացված աշխատանքին ու նախատեսված ծրագրերին:

Սահմանամերձ շրջանների, այդ թվում՝ Սյունիքի բնակիչների համար, Սերժ Սարգսյանի համոզմամբ, առաջին հերթին կարևոր է անվտանգության ապահովումը: «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը միտված մեր գործողություններն ուղղվելու են առաջին հերթին ազգային անվտանգությանն սպառնացող առկա և հնարավոր ռազմաքաղաքական սպառնալիքների բացահայտմանն ու չեզոքացմանը, մեր ազգային բանակի մարտունակության շարունակական բարձրացմանն ու սպառազինմանը»,-ասել է Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ շարունակվելու են հետևողականորեն ընդլայնվել անվտանգության ապահովման շրջանակները՝ ուղղված քաղաքացու, ընտանիքի, ազգի և պետության անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքում գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Գորիսի հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոնի բացման արարողությանը, Կապանում հանդիպում ունեցել հանքարդյունաբերության ոլորտում Սյունիքում ակտիվ գործունեություն ծավալած «Դինո գոլդ մայնինգ» ընկերության ղեկավար կազմի և ինժեներական անձնակազմի հետ:

Սյունիքի մարզում ընտրողների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումները կշարունակվեն նաև հունվարի 23-ին: