ՀՀ նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Ահարոնյանը պատրաստ է հացադուլի նստել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ: Այսօր նա այցելել էր Անդրիաս Ղուկասյանին և նկատել, որ նախագահի թեկնածուն ՀՀԿ-ի դեմ ընտրել է սեփական առողջությանը վնասելով պայքարի տարբերակը, քանի որ ՀՀԿ-ի դեմ այլ կերպ պայքարել հնարավոր չէ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ Անդրիաս Ղուկասյանին կոչ է անում դադարեցնել հացադուլը: Նա նշեց, որ եթե Անդրիաս Ղուկասյանը չդադարեցնի հացադուլը, ապա ինքը ստիպված է լինելու նրա հետ հացադուլ հայտարարել:
«Ես էլ կարող եմ նստել նրա հետ հացադուլի, բայց այսօր ես կընկնեմ կոմայի մեջ, վաղը` նա: Դրանով մեր պայքարը կավարտվի: Ես ավելի ռեալ, ակտիվ պայքարի կողմանկիցն եմ»,- նկատեց նախագահի նախկին թեկնածուն:
Ըստ նրա` լավագույն տարբերակը այն կլինի, որ բոլոր թեկնածուները դուրս գան ընտրապայքարից և միայնակ թողնեն գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Նա նաև կարծիք հայտնեց, որ այն թեկնածուները, ովքեր չեն հանի իրենց թեկնածությունը, դրածոներ են:





