(?)Ինչպե՞ս եք գնահատում Ձեր վերադարձը Հայաստան
(!)Շատ դրական, մի փոքր ժամանակագրական ակնարկով ասեմ, որ ես 12 տարեկանից ապրել, սովորել և աշխատել եմ Եվրոպայում, մասնավորապես Իտալիայում և Ֆրանսիայում: Ավարտել եմ նախ Վենետիկի "Մուրադ-Ռաֆայելյան" վարժարանը, ապա Փարիզի "Սորբոնի" համալսարանը: 2012-ի մայիսին մասնակցել եմ Ազգային ժողովի ընտրություններին ՕԵԿ համամասնական ցուցակով:
Կցանկանայի նշել, որ Հայաստան վերադառնալու և հայրենիքում աշխատելու գործում մեծ ավանդ է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանը: Մասնավորապես նախագահի կողմից խրախուսվում է արտերկրում որակյալ կրթություն ստացած հայ երիտասարդների գործունեությունը հայրենիքում և այդ խրախուսանքը առարկայական է: Եթե նախորդող ժամանակահատվածում կարելի էր մատերի վրա հաշվել այն երիտասարդներին, ովքեր արտերկրում ստացել էին որակյալ կրթություն և Հայաստանում ունեցել են այդ գիտելիքներն իրացնելու լայն հնարավորություն ի նպաստ մեր երկրի` զբաղեցնելով բարձր պետական պաշտոններ, ապա այժմ այդպիսի երիտասարդների թիվն զգալիորեն մեծ է: Մենք մեր առջև դրված խնդիրները իրականացնում ենք նորովի, ժամանակակից սկզբունքներով ու հայացքներով, բացառելով նախկին բացասական կարծրատիպերը, կոռուպցիոն մոտեցումները, հնարավորինս խրախուսելով օբյեկտիվությունը, արդյունավետությունը և անաչառությունը:
Ահա այս գործընթացների արդյունքում է, որ ես այժմ զբաղեցնում եմ Առաղջապահության Նախարարության "Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական հիմնարկի տնօրենի պաշտոնը:
(?)Ինչպե՞ս են դրսևորվել Ձեր նորովի մոտեցումները ԱԾԻԳ-ի աշխատանքում, ինչ դրական փոփոխություններ կան այս առումով
(!)Նախ նշեմ, որ այս պաշտոնը զբաղեցնում եմ շուրջ չորս ամիս և քիչ առաջ նշածս մոտեցումները մասնավորեցնելով իմ ղեկավարած կառույցի վրա կուզենայի հպարտությամբ նշել, որ մեր մոտ աշխատանքներն իրականացվում են հիշյալ գործելաոճի սահմաններում և տրամաբանության մեջ: Հայտարարված մրցույթներն իրականացվում են հնարավորինս թափանցիկ և կարող եմ ասել, որ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ ով օբյեկտիվորեն բավարարում է հայտարարված մրցույթի պայմաններին անխուսափելիորեն դառնում է դրա հաղթողը: Ընթացիկ աշխատանքը կատարվում է ավելի արդյունավետ, փաստաթղթաշրջանառությունը կատարվում է հնարավորինս էլեկտրոնային եղանակով` տնտեսելով նյութական միջոցները և ժամանակը: Այս ամենի արդյունքում և այս կարճ ժամանակահատվածում մենք կարողացել ենք տնտեսել 250 միլիոն դրամից ավելին գումար, ինչը մեզ հնարավորություն է տալիս ավելացնել ծրագրով նախատեսված վերանորոգվելիք բուժհիմնարկների թիվը: Այս ամենը, մեր թիմի ճիշտ և նպատակային կատարած աշխատանքի լավ արդյունքն է:
(?)Ընդհանուր առմամբ ի՞նչ աշխատանքներ է իրականացնում ԱԾԻԳ-ը
(!)Սկսած 1998 թվականից, Համաշխարհային Բանկի կողմից տրամադրված վարկային ծրագրերի շրջանակներում, ԱԾԻԳ-ը իրականացրել և մինչ օրս շարունակում է իրականացնել աշխատանքներ, որոնք ուղղված են առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային օղակներում ենթակառուցվածքների բարելավմանը: Կառուցվել և վերանորոգվել են բազմաթիվ բուժհիմնարկներ, որոնք հագեցվել են արդի բժշկական սարքավորումներով, ինչպես նաև հատուկ ուշադրություն է դարձվել այդ բուժհիմնարկների բժշկական անձնակազմի շարունակական կրթության վրա:
Բանակցային փուլում է գտնվում երրորդ վարկային ծրագիրը, որը ուղղված կլինի ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը, ինչպես նաև կշարունակվեն հիվանդանոցային համակարգի բարելավման աշխատանքները` մասնավորապես կկառուցվի Վանաձորի բազմաֆունկցիոնալ նոր բժշկական կենտրոնը, Երևանում կկառուցվի նոր ուռուցքաբանական կենտրոն և կվերանորոգվի պր. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, որտեղ կտեղակայվի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը:
(?)Աշխատանքի ընտրությունը Ձեր համար Ճի՞շտ է կատարված, արդյո՞ք այլ ոլորտում Ձեզ չեք տեսնում
(!)Անկեղծ ասած ԱԾԻԳ-ում աշխատանքը ինձ շատ դուր է գալիս և ստացվում է: Սա այն վայրն է, որտեղ ես հնարավորություն ունեմ ինքնադրսևորվել և թիմային աշխատանքով հասնել բավականին նկատելի արդյունքների: Իմ զբաղեցրած պաշտոնը ճիշտ է ընտրված, որի համար ես երախտապարտ եմ ՀՀ նախագահին, ինչպես նաև ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, իսկ անխոչընդոտ և արդյունավետ աշխատանքի համար՝ ՀՀ Վարչապետին, Առողջապահության նախարարին և իհարկե ԱԾԻԳ-ի աշխատանքային թիմին:
Առիթը պատեհ համարելով կցանկանայի իմ զորակցությունը հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին առաջիկա նախագահական ընտրություններում:
(?) Ինչո՞վ է պայմանավորված Սերժ Սարգսյանին զորակցություն հայտնելու Ձեր դիքորոշումը
(!)Ես կարծում եմ, որ ներկա քաղաքական դաշտում նա միակ քաղաքական ֆիգուրն է, ով ի վիճակի է ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը և երկիրը տանել կայուն զարգացման: Այս հինգ տարիների արդյունքները ավելին քան առարկայական են մեր երկրի համար: Ես ուրախությամբ կարող եմ նշել, որ մեր երկրում զգալի բարձր մակարդակի են հասել մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատությունը, վերացել է անպատժելիության մթնոլորտը, բոլոր բնագավառներում կատարվում են դրական փոփոխություններ, զգալի նվազել են կոռուպցիոն երևույթները և այս ամենն իրոք անժխտելի է: Նախագահի նորարական մոտեցումները, մասնավորապես նոր սերնդի ներկայացուցիչների նկատմամբ վստահությունը, մեծ ոգևորություն է առաջացնում մեր երիտասարդներիս շրջանում` աշխատելու մեր երկրում և մեր երկրի համար, որպեսզի ապրենք իսկապես ապահով Հայաստանում:
Նախորդ հինգ տարիների արդյունքները և ապագայի նախադրյալներն օբյեկտիվորեն ապացուցում են, որ մենք գնում ենք դեպի ապահով Հայաստան` իր բոլոր առումներով:





