Ադրբեջանն աղմկում է և աղմկելով փորձում է քաղաքականացնել Ստեփանակերտի օդանավակայանի հարցը: Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները բազմիցս կոչ են արել չքաղաքականացնել օդանավակայանի հարցը: «Ոչ Հայաստանը, ոչ ԼՂՀ-ն քայլ չեն ձեռնարկել հարցը քաղաքականացնելու ուղղությամբ: Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջ պարտավորություն էր ստանձնել, որ զերծ է մնալու ուժի գործադրումից և դրա սպառնալիքից քաղաքացիական օդանավերի դեմ: Չնայած դրան, Ադրբեջանի ղեկավարությունը խախտում է իր վերցրած պարտավորությունները և սպառնում է ուժ գործադրել»,- հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարարը նաև նշեց, որ եռանախագահների կոչը հենց Ադրբեջանին էր ուղղված: Միևնույն ժամանակ նա նշեց, որ օդնավակայանի բացումը որևէ կապ չունի ԼՂՀ հակամարտության կարգավորման հետ: Հայաստանը և ԼՂՀ-ն օդանավակայանի բացումը չեն կապակցել այլ հարցերի հետ: «Բոլորի համար ակնհայտ է, որ օդանավակայանի բացումը միայն հումանիտար և քաղաքացիական նպատակներ ունի: Ադրբեջանը չի թաքցնում, որ ցանկանում է մեկուսացնել ԼՂՀ-ն , որ մարդիկ լքեն Արցախը: Դա չի հաջողվել և չի հաջողվի նրանց»,- եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը:





