AM
24 Հունվար 2013 - 13:03 AMT

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան. Իրանցի ուսանողները վերջին շրջանում չեն դժգոհում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԿԳՆ-ից:

Հանդիպման ժամանակ նախարարը նշել է, որ երկու երկրների համագործակցության հարթակում կրթությունը և գիտությունը կարևոր տեղ են զբաղեցնում և հարևան ժողովուրդների հարաբերությունների սերտացման և միմյանց ավելի ճանաչելի դառնալու համատեքստում լավագույն միջոցներն են: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԻԻՀ կատարած այցի ընթացքում տպավորվել է պետության` կրթության և գիտության բնագավառին հատկացված ներդրումների ծավալներով:

Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայկական կողմը շահագրգիռ է հայկական բուհերում իրանցի ուսանողների թվի ավելացմամբ` այդ համատեքստում նշելով, որ երկրի իշխանությունների և անձամբ ՀՀ Նախագահի ուշադրության կենտրոնում է օտարերկրյա ուսանողների համար համապատասխան պայմանների ստեղծման գործընթացը` վերջիններիս տրամադրելու որակյալ և մատչելի կրթություն:

Մուհամմադ Ռեիսին իր հերթին նշել է, որ Իրանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը: Դեսպանը տեղեկացրել է, որ վերջերս Մատենադարանում կազմակերպվել է համաժողով` «Երկու մշակույթ, երկու ժողովուրդ և երկու կրոն» խորագրով, որին մասնակցել են նաև հյուրեր` ԻԻՀ Նախագահի աշխատակազմից: Մուհամմադ Ռեիսին արձանագրել է, որ վերջին շրջանում իրանցի ուսանողների դժգոհությունների բացակայությունը վկայում են, որ Հայաստանի բուհական ոլորտում իրականացվում է լուրջ և հետևողական աշխատանք և շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանությունների` իրանցի ուսանողներին օժանդակելու և նրանց խնդիրներին լավագույնս արձագանքելու համար:

Դեսպանը նաև հայտնել է, որ Իրանը պատրաստակամ է գիտական պատվիրակությունների փոխանակում իրականացնել` գիտության և տեխնիկայի բնագավառում արձանագրված ձեռքբերումները բարեկամ երկրի` Հայաստանի կետ կիսելու, ինչպես նաև ուսանողների փոխանակում իրականացնելու համար: Արձագանքելով առաջարկներին` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ վերջին տարիներին բուհական ոլորտում իրականացվել է հսկայական աշխատանք, մասնավորապես, օտարերկրյա ուսանողների ավարտական փաստաթուղթ ստանալու գործընթացում սահմանվել են խիստ չափանիշներ` հաշվի առնելով ժամանակին հնչած մի շարք ահազանգեր, որոնք այսօր, ըստ նախարարի, իրենց լուծումն են գտել.

«Խնդիրներ միշտ էլ կան, սակայն դրանք այլևս կրում են ոչ թե համակարգային, այլ կոնկրետ և հիմնականում տեխնիկական բնույթ, որոնց ևս, համոզված եմ, պետք է արժանի ուշադրություն դարձվի»,-նշել է նախարարը` անդրադառնալով նաև օտարեկրյա ուսանողների` ատենախոսությունների պաշտպանության հարցերին և ընդգծել, որ ատենախոսությունը պետք է արտահայտի կրթության որակի և գիտական աշխատանքի արժեքի իրական գնահատականը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հանրապետության մի շարք ավագ դպրոցներում պարսկերեն լեզվի ուսուցման ծրագիր իրականացնելու և այդ համատեքստում համապատասխան դասագրքերի և ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու անհարաժեշտությանը: Կողմերը քննարկել են նաև Հայաստանի տարածքում Իրանի Շարիֆ արդյունաբերական համալսարանի մասնաճյուղ կամ նշված համալսարանի հետ կրկնակի դիպլոմների իրականացման կրթական ծրագրի հնարավորությունը, որը, ըստ նախարարի, կապահովի նաև ուսանողների շարժունության խնդիրը: