«Հրապարակ»-ը գրում է, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երեկ պատրաստվում էին գործադուլ հայտարարել, սակայն գործարանի տնօրինությունը և էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ամեն ինչ անում են, որպեսզի նաիրիտցիները նախընտրական քարոզչության այս «խառը» շրջանում հանկարծ փողոց դուրս չգան: Երեկ առավոտյան ձեռնարկության անցակետին մոտեցող աշխատողներին դիմավորում էին արտադրամասերի պետերը և աղաչում-պաղատում, որ հրաժարվեն միտինգ անելու գաղափարից ու իրենց աշխատատեղերը զբաղեցնեն: Նրանք նաև խոստանում էին, որ մինչև ամսի մեկը կստանան հերթական` 2012 թվականի մարտ ամսվա աշխատավարձը:
Թերթի աղբյուրը հայտնում է, որ արտադրամասերի պետերին այս հրահանգը տվել է գործարանի տնօրեն Հովհաննես Հախինյանը, որն իր հերթին ալեկոծումները կանխելու հրահանգ է ստացել էներգետիկայի նախարարից: Ի դեպ, թերթի աղբյուրը հաղորդում էր, որ գործարանում շարունակում են աշխատողների ընտանիքների չափահաս անդամների վերաբերյալ տեղեկանքներ հավաքել, որոնց մեջ առանձին տողով պետք է նշվի նաև այն ընտրատեղամասի համարը, որտեղ նրանք կատարելու են իրենց ընտրությունը:





