ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում սուտ է տարածել, երբ հայտարարել է, որ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզչություն է իրականացրել համալսարանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Խորամանկ, լեզվանի, հայերենին լավ տիրապետող այդ նախարարի գրառումը սուտ է, թե ես քարոզչություն եմ կատարել բուհում: Ես եղել եմ համալսարաններում, և իմ որդու գիրքն եմ ներկայացրել գրադարանավարներին, բարևել եմ ուսանողներին: Առավելագույնն ասացի «բարի ընտրություն»: Այդտեղ քարոզչություն չկար»,- նկատեց նախագահի թեկնածուն:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ եթե կա բարոյականության նվազագույն շեմ, ապա նախարարը արժի, որ դիտարկի սեփական հրաժարականը:
«Իր տիրույթում են գտնվում այդ հաստատությունները: Այն մարդը, որ խախտում է սահմանադրությունը, ահաբեկում է ժողովրդին, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- նկատեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ այս օրերին ակտիվ քարոզչություն է տարվում, մանկավարժներին հարահանգում են, թե ում ընտրել: Նախագաի թեկնածուն նաև նկատեց, որ ինքը դիմել է Արմեն Աշոտյանին և խնդրել թույլ տալ հանդիպել ուսանողների հետ բուհերում, սակայն Աշոտյանը մերժել է նրա խնդրանքը:
«Ես դարձյալ դիմելու եմ նրան, որ թույլ տա այդ հանդիպումը: Պետք է ապակուսակցականացվի ողջ հանրային հատվածը: Ոչ կուսակցականացված, բայց այո բանավեճի համալսարանին: Ես թեկնածու եմ և իրավունք ունեմ մուտք գործել այնտեղ, որտեղ գործող նախագահը հանգիստ մտնում է: Դա բանակն է, հիվանդանոցն է, զորամասն է: Այդպես կլինի հավասար ընտրություն: Իսկ նախարարը, թույլ չտալով այդ հանդիպումը, խախտում է գործող նախագահի՝ արդար և հավասար ընտրություններ անցկացնելու խոստումը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց նաև, որ գործող որևէ պաշտոնյա չպետք է ծառայի որևէ ֆեդերացիայի, լինի հոգաբարձուների խորհրդի նախագահ:





