Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրենի տեղակալ Ռաչել Դենբերը նամակ է գրել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որտեղ մասնավորապես, ասվում է.
«Մենք գրում ենք ձեզ, արտահայտելու մեր խորին մտահոգությունը, որ 2011-ի օգոստոսին Երևանի ոստիկանության հետ բախման ժամանակ անկարգության և պետական մարմնի ներկայացուցիչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով ձերբակալված ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործին առընչվող` նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի վկայությունների կապակցությամբ արդյունավետ դատաքննություն չի իրականացվել:
2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի Ընդհանուր Իրավասության դատարանը դատապարտեց այս չորս երիտասարդներին երկուսից վեց տարվա ազատազրկման` կոպիտ դիմադրություն կամ բռնության սպառնալիք պետական պաշտոնյայի նկատմամբ և խուլիգանության մեղադրանքով:
Օգոստոսի 20-ին պաշտպանական կողմը հայցով դիմել է դատարան` ակտիվիստների գործով ընթացակարգային խախտումների վերաբերյալ: Նոյեմբերի 13-ին Վճռաբեկ դատարանը մերժեց դիմումը:
Մենք տեղյակ ենք, որ դուք այս պահին որոշում եք արդյոք լսել այս գործերին առընչվող վճռաբեկ դիմումը, որը ներկայացվել է 2012թ. դեկտեմբերի 23-ին և որ դուք կայացնելու եք ձեր որոշումը մինչև հունվարի 27: Անկախ այն բանից կկայացնի արդյոք վճռաբեկ դատարանը վերջնական որոշում` լսելու այս հայցադիմումները, մենք պնդում ենք, որ դուք հաշվի առնեք ձերբակալությանն անմիջապես նախորդած և 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանությունում գտնվելու ժամանակահատվածում այս չորս երիտասարդների նկատմամբ կիրառած դաժան վերաբերմունքին առընչվող լուրջ և վստահելի վկայությունները: Մենք շատ մտահոգ ենք 4 ամբաստանյալների նկատմամբ կիրառված դաժան վերաբերմունքի և այդ վկայությունների առնչությամբ արդյունավետ հետաքննության բացակայության կապակցությամբ:
Միջազգային համաձայնագրերը, որոնց մասնակից է նաև Հայաստանը, դրանց թվում Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիան, Քաղաքացիական և Քաղաքական Իրավունքների Միջազգային Դաշինքը, ՄԱԿ-ի Կոնվենցիան Կտտանքների և այլ դաժան, անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի կամ պատժի վերաբերյալ, բոլորը խստորեն արգելում են անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունք կամ պատիժ: Սա ներառում է նաև իրավունք ունենալ ժամանակին, անկողմնակալ, արդյունավետ հետաքննության, որի շնորհիվ հնարավոր կլինի բացահայտել և պատժել իրական կատարողներին: Այս պահանջների իրականացման ձախողումը կնշանակի, որ Հայաստանը լրջորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները:
Պատվարժան նախագահ, մենք հույս ունենք, որ Վճռաբեկ Դատարանը ուշադրությամբ կմոտենա վերը նշված գործին առընչվող տեղեկատվությանը և որ այն կվերանայի գործը բոլոր տեսանկյունից` ելնելով մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններից:
Human Rights Watch –ը հավատում է, որ շատ կարևոր է, որ դաժան վերաբերմունքի մասին վստահելի վկայություններ ունենալով, և հաշվի առնելով Հայաստանի պարտավորություններն այս հարցում, անցկացվի այս գործին առընչվող վկայությունների արագ և ամբողջական հետաքննություն»,-ասված է նամակում:





