AM
25 Հունվար 2013 - 12:06 AMT

Թվեր և հստակ քայլեր, թե՞ գաղափարախոսություն. բանավեճ նախընտրական ծրագրերի շուրջ

ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավն արդեն մի քանի օր է ինչ մեկնարկել է: Այն թեկնածուներն, ովքեր ունեն երկրի կառավարման ծրագիր, շրջում են երկրում, քաղաքացիներին ներկայացնում իրենց ծրագրի դրույթներն ու փորձում գրավել մարդկանց վստահությունն ու ստանալ նրանց քվեն:

Այսօր Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը՝ ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ քաղաքական բանավեճ էր հրավիրել, որի ընթացքում ՀՀ նախագահի երեք թեկնածուների ներկայացուցիչները ներկայացրեցին նրանց նախընտրական ծրագրերն ու ընտրվելու դեպքում անելիքները:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբի ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանի բնորոշմամբ՝ ՀՀԿ թեկնածուի նախընտրական ծրագիրը որևէ բացասական, որևէ «ընդդեմ» գաղափար կամ միտք չի ներառում: Այն կոչված է «հանունի», համազգային առաջնորդի ծրագիր է: «Մենք պետք է քայլենք առաջ, գնանք այդ ծրագրով: Միակ «ընդդեմ»-ը Ադրբեջանի մասով է: Ծրագրի դրույթներում տրված են, թե ըստ ոլորտների ինչ ծրագրեր և ինչ անելիքեր կան: Թվեր չեն ներկայացվել, ավելի գաղափարական մոտեցումներ ենք ձևակերպել»,- քննարկման ժամանակ ասաց Հովհաննես Սահակյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը քննարկման ժամանակ նկատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրություններին մասնակցում է այլընտրանքային ծրագրով, այլընտրանքային կառավարման համակարգ է առաջարկում: «Մեծ ուշադրություն է դարձվում տնտեսությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը: Կոնկրետ թվերով են ներկայացված և սպասված արդյունքները և անհրաժեշտ քայլերը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչը նկատեց, որ իրենց բուկլետում կա ներկա իրավիճակի գնահատական, որը հիմնված է պաշտոնական տվյալների վրա և զուգահեռ ներկայացված են դրա հետ կապված Րաֆֆի Հովհաննիսյանի անելիքները: «Իշխանության թեկնածուն ուներ իշխանություն և կառավարում, նա պետք է իրագործեր իր խոստումները, սկայան, ցավոք սրտի, չիրականացրեց: Եկել ենք մի հանգրվանի, երբ նորից խոսում է ինչ-որ ծրագրի մասին, բայց անկախ իր դրական ելույթներից, նա կյանքի չի կոչել այդ: Նա նշել է, որ ինքը երախտագետ է, իսկ այն շրջապատն ու այն մարդիկ, ովքեր շրջապատում են նրան, թույլ չեն տալիս, որ նա լուրջ քայլերի դիմի»,- նկատեց Արմեն Մարտիրոսյանը:

Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչ Սոս Գիմիշյանը: Նա նշեց, որ ծրագիրը լավ կամ վատ ցանկացած թեկնածու կարող է գրել: Ի վերջո միջոցներ տրամադրել, որ մասնագետները ծրագիր գրեն: Միևնույն ժամանակ Սոս Գիմիշյանը նկատեց, որ ծրագիրն անհրաժեշտ է, որպեսզի նախորդի և արդեն արած կամ չարածի հետ համեմատելու հնարավորություն լինի: «Եթե իշխանություն չեմ, ավելի բարենպաստ վիճակում եմ: Կարևոր է, որ հինգ տարի հետո, եթե Հրանտ Բագրատյանը դառնա նախագահ, ցանկացած քաղաքացի հարցնի, թե ինչու չեք իրագործել ինչ-որ կետեր: Հասարակության մեծ մասը համոզված է, որ Հրանտ Բագրատյանի աշխանաքը նրա փորձի, մտորումների և հնարավորությունների ծրագիրն է: Պետք է ցույց տալ, ինչը ոնց է արվելու: Բագրատյանի ծրագիրը կոնկրետ է, առարկայական»,- նկատեց Սոս Գիմիշյանը:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի` շատ կարևոր է, թե ով է թեկնածուն, բայց նույնքան կարևոր են նաև այն քայլերը, որոնց շուրջ պատկերացնում է նա իր հետագա գործունեությունը: «Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ուղին, սկզբունքայնությունն ապացուցել են, որ այն, ինչի մասին նա բարձրաձայնել է, այդ ուղղությամբ լայանածավալ աշխատանքներ է իրականացնելու»,- ներկայացրեց Արմեն Մարտիրոսյանը:

Սոս Գիմիշյանն էլ իր հերթին կարծում է, որ Հրանտ Բագրատյանն այսօր ունի տնտեսագետի մեծ հեղինակություն` ի տարբերություն այսօրվա իշխանությունների և կառավարության: «Ծրագրի հիմքում այն գաղափարն է, որ տնտեսության զարգացումը ինքնանպատակ չպետք է լինի: Քաղաքացին օգտվե՞լ է այդ աճից, թե միայն օլիգարխների համար է եղել այդ աճը:

Սա բերում է բևեռվածության, կաշառակերության, թալանի: Պետությունն ավելի ու ավելի անշնորք է դառնում: Շատ կարևոր է, թե որն է ծրագիրն իրականացնող թիմը, որ այդ մարդիկ չզբաղվեն քաղաքականությամբ որպես բիզնես: Այդպիսի մարդիկ կան և իշխանության, և ընդդիմության մեջ: Որքան քիչ են այդ մարդիկ քո թիմում, այնքան իրագործելի է այդ ծրագիրը: Կառավարման արդյունավետություն պետք է լինի»,- ասաց Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչը:

Թեկնածուները քարոզարշավի համար մոտ 20 օր ունեն և հավանաբար կհասցնեն իրենց ծրագրերը կետ առ կետ ներկայացնել, մարդիկ էլ կհամեմատեն դրանք ու կընտրեն իրենց համար լավագույնը: