AM
25 Հունվար 2013 - 12:09 AMT

ԵՊՀ-ն և Բուխարեստի համալսարանը մտադիր են համագործակցության հուշագիր ստորագրել

Հունվարի 25-ին դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպեց Ռումինիայի ազգային կրթության նախարար Ռեմուս Պրիկոպիեի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպումն ուներ բաց և գործնական բնույթ և անցավ փոխըմբռնման մթնոլորտում: Քննարկվեցին երկու երկրների միջև կրթության ոլորտում համագործակցության առկա ծրագրերը և նախանշվեցին նոր ուղղություններով փոխգործակցության հեռանկարները: Կողմերը քննարկեցին «Հայաստանի և Ռումինիայի կառավարությունների միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում 2011-2015թթ. համագործակցության մասին ծրագրով» իրականացվող կետերը:

Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով համաձայնագրով նախատեսված ծրագրերի ընթացքի վերաբերյալ, կողմերը պայմանավորվեցին լրացուցիչ ջանքեր գործադրել դրանց ընդլայնման և փոխլրացման ուղղությամբ: Դեսպան Գասպարյանը, մասնավորապես կոչ արեց, փոխադարձության սկզբունքով առաջնորդվելով, խրախուսել ռումին ուսանողներին հայաստանյան կրթաթոշակներին մասնակցելու հարցում:

Անդրադարձ կատարվեց նաև գիտատեխնիկական ոլորտում համագործակցությանը, մասնավորապես 2011թ. ապրիլի 21-ին ՀՀ ԿԳ նախարարի Բուխարեստ կատարած այցի շրջանակներում երկու նախարարությունների միջև ստորագրված «Գիտական և տեխնոլոգիական համագործակցության համաձայնագրով» նախատեսված գործողություններին, ինչպես նաև Ռումինական Ակադեմիայի և ՀՀ գիտությունների ակադեմիայի միջև նախատեսվող համագործակցության համաձայնագրի ստորագրմանը: Զրուցակիցները խրախուսեցին նաև Երևանի պետական համալսարանի և Բուխարեստի համալսարանի միջև համագործակցության հուշագիր ստորագրելու մտադրությունը:

Հանդիպման ընթացքում գոհունակությամբ նշվեց Բոլոնիայի գործընթացի շրջանակներում երկու երկրների միջև ձևավորված ակտիվ կապերը, ուր նախարար Պրիկոպիեն վերահաստատեց Ռումինիայի անվերապահ աջակցությունը Հայաստանին: Դեսպան Գասպարյանը հույս հայտնեց, որ 2015 թ. Երևանում անցկացվելիք Բոլոնիայի գործընթացի նախարարների համագումարին Ռումինիան, որպես նախորդ նախագահող, կլինի այդ միջոցառման պատվավոր հյուրերից: