AM
25 Հունվար 2013 - 15:11 AMT

Հայկ Դեմոյանի հեղինակած նոր գրքում բացառիկ նյութեր են ներառված

Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հեղինակած «Հայկական ազգային խորհրդանշաններ. Դրոշներ, զինանշաններ, պարգևներ» գրքի շնորհանդեսը: Աշխատության մեջ առաջին անգամ տարբեր աղբյուրներից վերցված լայնածավալ նյութի հիման վրա ներկայացվում են հայկական մատենագրության, ճարտարապետության, պատկերաքանդակի, լուսանկարների և նյութական մշակույթի այլ օրինակներում պահպանված զինանշաները, դրոշները, պետական և ազգային խորհրդանշանները: Տարբեր դարաշրջաններում դառնալով ազգի ոգեշնչման և հաղթանակի գրավական` այս խորհրդանշանները հայ պետականության և ազգի համախմբման յուրօրինակ վկայությունն են: Գրքում առանձին ներկայացված են ՀՀ պետական խորհրդանշաններն ու պարգևները: Այն ներառում է նաև մինչև օրս անհայտ կամ քիչ հասանելի նյութական փաստեր:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատեց, որ գրքի շնորհանդեսը տեղի է ունենում Բանակի կազմավորման օրվա առիթով զինվորականներին գերատեսչական պարգևներ հանձնելուց անմիջապես հետո:

«Ներկաներից շատերը տոնական համազգեստով են` իրենց կրծքին կրում են մեր ժամանակների շքանշանները, իսկ գրքում ներկայացված է մեր պատմությունը: Կարծում եմ այս աշխատությունը պետք է զինվորականների սեղանի գիրքը դառնա», – ասաց Սեյրան Օհանյանը:

«Ինձ համար, որպես հայ մտավորականի, մեծ պատիվ է իմ 2-րդ աշխատությունը ներկայացնել Պաշտպանության նախարարությունում: Սա գիտնականի համար մեծ պատիվ է: Այլ բան է հայրենիքին ծառայելը, մեկ այլ` բանակին: Գիրքն իմ վերջին 6 տարվա աշխատանքի արդյունքն է` բացառիկ նկարչական վերականգնումներով ու լուսանկարներով, որոնք ինքս եմ գտել աշխարհի տարբեր անկյուններում», – ասաց Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով գրքում ներկայացված տեղեկությունների 50 տոկոսի չափով արդեն նոր նյութեր կան, որոնք առաջիկայում կներառվեն նոր աշխատության մեջ ու կհրապարակվեն: