Այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը և Պերճ Սեդրակյանն անդրադարձել են Երուսաղեմի Հայոց Պատրիարքի ընտրությանը` վստահություն հայտնելով, որ նորընտիր Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը եռանդով ու նվիրումով կլծվի պատմական Սբ. Աթոռի զորացման և Սբ. հողում հայերի իրավունքների պաշտպանության գործին:
Խոսելով սիրիահայ համայնքի վիճակի մասին` Նորին Սրբությունն ու ՀԲԸՄ նախագահը հաստատել են, որ Հայոց Եկեղեցին և ՀԲԸՄ-ը պետք է շարունակեն ամեն կերպ աջակցել սիրիահայ համայնքին` թեթևացնելու ծանր կացության մեջ հայտնված հայորդիների կարիքները: Քննարկվեցին նաև Հայաստանում և այլ երկրներում հաստատված սիրիահայերին օգնություն ցուցաբերելու ուղիները:
Զրույցի ընթացքում Պերճ Սեդրակյանը անդրադարձել է Սփյուռքում առկա հայապահպանության խնդիրներին և երիտասարդ սերնդի հայեցի կրթության անհրաժեշտությանը: ՀԲԸՄ նախագահը դրանց հաղթահարման, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում կարևորությամբ ընդգծել է հայ եկեղեցու դերակատարությունը:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել տիար Պերճ Սեդրակյանին հայ եկեղեցուն ցուցաբերվող շարունակական զորակցության համար:





