AM
28 Հունվար 2013 - 05:59 AMT

Պատմություն մի համար մեծ կոշիկի մասին կամ մեկ օր զինվորի օրագրից

-Հավսա՛ր, զգա՛ստ, ձա՛խ, ա՛ջ, ձա՛խ… մեկ, երկու, երեք… Տրվող հրամանները անհասկանալի բանաձև են կազմել գլխիս մեջ: «Չէ,-ասում եմ մտքումս,- մի համար մեծ կոշիկ վերցնելը կյանքումս գործած ամենամեծ սխալներից մեկն էր»: Ամեն քայլին ոտքս մի մեծ պտույտ էր գործում կոշիկի մեջ ու հարվածում պատերից մեկին: Լավ ու վատ օրերի հետ դրան էլ սովորեցի: Կարանտինում, երբ հարազատներս հարցնում էին, թե զինվորը երբ է վարժվում ծառայությանը, իմ պատասխանը բոլորին մեկն էր. «Երբ «բատինկաները» ոտքերդ էլ չեն «հարում», ուրեմն արդեն հարմարվել ես ու համար մեկ խոչընդոտը հաղթահարված է»:

Զինվորական ճշգրտությամբ օրացույցի վրա ջնջում ես օրերը, որոնք դառնում են շաբաթներ, դրանք էլ` ամիսներ… ու սպասում ես, թե երբ պիտի հաշվարկներիդ մեջ փոխվի ամենակարևորը՝ սկսես հաշվել ոչ թե անցած, այլ մնացած ամիսների թվերը… թե երբ կլրանա տարիդ ու ծառայությունը «կես կգցես»:

Հիմա անցած կեսից երեք բան եմ հիշում: Մեկը՝ թե ոնց զնիվորական երդում տվեցի ու հավաքված մարդկանց մեջ մի կերպ գտա մերոնց: Երկրորդը՝ թե ոնց ճաշարանում նստած տասը հասուն տղա արտասվեցին՝ իրար փոխանցելով զորացրված տղաներից մեկի թողած օրագիրը՝ լուսանցքում գրված. «Մամ ջան, նորից գարուն կգա, զինվոր բալեդ տուն կգա»: Երրորդն էլ՝ զորավարժությունն էր ու երկրի գլխավոր հրամանատարի դեմքի գոհ արտահայտությունը: Դրանից հետո, մեր մեջ ասած, երբեք ինձ այդքան հպարտ չէի զգացել:

Այսօր քաղաքացիականներիդ կամ ինչպես ընդունված է այստեղ ասել «գրաժդանսկիներիդ» համար տոն է՝ բանակի կազմավորման օրը: Մեզ՝ բանակայիններիս համար սովորական մի օր: Զորամասի ամեն մի օրը բանակի օր է, հայրենիքի պաշտպանության ևս մեկ օր:

Հ.Գ. Հա, մի բան էլ: Քիչ լսեք, թե էդ կողմերում ինչ են խոսում բանակի մասին: Հաստատ բան եմ ասում՝ խոսողների մեծ մասը հագիս համազգեստից մեկ օր իսկ հագած չկա: