AM
28 Հունվար 2013 - 14:42 AMT

1992թ. առաջին զորակոչի զինվորների ծառայությունը. Մեր 50 հոգանոց խմբից 10-ը կենդանի մնաց

Սև-սպիտակ լուսանկարում Էդգար Իշխանյանն է`հայկական զինված ուժեր առաջինը զորակոչված զինվորներից մեկը, 21 տարի առաջ: Առաջին զորակոչի առաջին ժամերի ու օրերի մասին պատմում է. «Գորիսի զինկոմիսարիատի մոտ էինք հավաքվել`շրջանի գյուղերից եկած անծանոթ տղաներ, ես ու մեր գյուղից իմ 4 ընկերները: Մի քանի անորոշ ժամ սպասելուց հետո Եղեգնաձորի ավտոբուսն եկավ ու մեզ ասացին, որ բարձրանանք: Նստեցինք: Արդեն գիշեր էր ու մթով էլ զորամաս հասանք: Ուշ էր տեղավորվելու, ծանոթանալու համար: Մենք էլ` քարքարոտ ու փոշոտ ճանապարհից հոգնած: Արագ քնեցինք, բայց լույսն ու աչքներս միաժամանակ բացվեցին: Խաչիկ գյուղում էինք: Առաջինը երևանցի տղաների հետ ծանոթացանք, խոսեցինք դեսից-դենից, ընկերացանք, հետո անցնող օրերի մեջ` նաև մյուսների հետ: 50 հոգի էինք: Այսպես սկսվեց ծառայությունը»: Կանոնավոր բանակի առաջին զինվորների ծառայությունը՝ առանց տոնական զինվորական երդում տալու արարողության, առանց առավոտյան ու երեկոյան հայրենասիրական երգերն ամբողջ կոկորդով երգելու ու դրանից ուժ առնելու: 1992 թվականն էր:

Մայիս-հունիս-հուլիս ամիսներին է անցկացվել նորանկախ ՀՀ ԶՈՒ առաջին զորակոչը: Ծառայելու էին գալիս 1973-1974թթ. ծնված երիտասարդները: Իսկ մինչ այդ ՀՀ Գերագույն խորհուրդը 1991թ. դեկտեմբերի 4-ին ընդունել էր «ՀՀ կառավարության կազմի և կառուցվածքի մասին» օրենքը, որի 2-րդ հոդվածում, նախարարությունների թվում նշված է նաև Պաշտպանության նախարարությունը։ 1-ին նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը:

Նրա զինվորներից Էդգարը շարունակում է իր պատմությունը. «Կռիվ էր: Մենք էլ դիրքեր էինք պահում՝ ամեն օր, 2 ժամը մեկ՝ 2 ժամով: Անձրևի տակ, ձյան, կրակոցների տակ: Ամեն օր մահ, ամեն օր վիրավորներ: Դաժան օրեր էին: Բայց ամենադաժանը…Դեկտեմբերի 27-ն էր, 92 թվականի: Այդ օրը տագնապով Օմարի լեռնանցքում էինք՝ Արաբոյի տղաներին էր պետք օգնել: Գիշեր էր, հոգնած էինք: Ոտքերս թաց էին ու քնելու ցանկությունը սպանում էին՝ զգոնությունն ուժեղացնելով: Ուշադիր տեղանքն էի զննում , մի ժամ, երկուսը… առավոտյան… լույսը բացվեց դրանց հրետանու ձայնից… տանկերի կրակից հետո հետևակը թափվեց մեզ վրա… մեր 50 հոգանոց խմբից 40-ը զոհվեց… … … Ողջ մնացածներից մեկը ոտքից էր վիրավոր, մեկը կողքից, գլխից, ձեռքից… Ամբողջ հագուստս պատռել ու վիրակապ էի դարձրել… Ուրալ եկավ՝ մեզ ու դիակները Եղեգնաձոր տեղափոխելու: Որ հասանք, չկարողացա ինքս իջնել մեքենայից՝ սառել էի: Իջեցրին: Բայց ամենասարսափելին առավոտյան անվանականչն էր ու լռությունը…Ամենադաժան օրերն էին: Պատերազմ էր»:

Պատերազմից բացի այդ օրերին կարևորագույն խնդիր էր ռազմական տեխնիկան, սպառազինությունը Հայաստանից դուրս բերելու փորձերը կանխելը, հանրապետության հարավային և հյուսիսային սահմանամերձ շրջաններում նոր զորամասերի կազմավորումը՝ դրանց համար համեմատաբար հարմար շենքերի, շինությունների, տարածքների ընտրությունը, կենցաղային պայմանները:

«Խրամատներ չկային: Վիրավորների ու զոհերի մի մասը հենց դրա պատճառով էր: Անփորձ էինք՝ զենքին չէինք տիրապետում: Ֆիդայիններն էին առաջնահերթ անհրաժեշտը սովորեցնում: Երեխա էինք՝ թուրքի վարձկանների դեմ», – պատմում է Էդգար Իշխանյանը, – «Ճանապարհների փակ լինելու, թեժ կռիվների պատճառով հացի մեքենան, պատահում էր, օրերով ուշանում էր: Մենք էլ չոր հացը ջրով թրջում էինք՝ ուտում: Ու ոչ մեկը բողոքելու կամ դժգոհելու մասին չէր մտածում: Հիմա է, որ…»

Բոլորի համար ընդհանուր խնդիրներին զորակոչվելուց մի քանի ամիս անց Էդգարի համար անձնականն է ավելացել՝ եղբայրը՝ Վարդանը ևս զորակոչվել էր: Ու այն նույն Օմարի լեռնանցքում էր ծառայում: «Ամեն օր…»,- ու չի շարունակում:

Մի քանի րոպե անց. «Երկրորդ զորակոչի զինվորները որ եկան, մենք նոր հասկացանք՝ ինչքան ենք փոխվել, մեծացել, ինչքան… Մեր աչքին՝ երեխա էին ու դեռ այնքան բան էին տեսնելու… Բայց մենք արդեն կայինք ու օգնելու էինք նրանց»:

Խաղաղությունը նաև Էդգարն ու Վարդանը նվաճեցին, իսկ պահպանում է՝ Էդգարի որդին, շուտով նաև Վարդանինը:

«Կարոյիս համար չեմ անհանգստանում: Ինչքան էլ ասեն դժվար է ծառայությունը՝ կարևորը խաղաղ է: Թող ծառայությունը ծանր լինի, որ ավելի ծանր օրերին պատրաստ լինեն, չկոտրվեն: Կարևորը խաղաղ է: Թող ամեն օր վազեն, կրակեն, սովորեն, որ պատերազմին պատրաստ լինեն՝ խաղաղությունը կպահպանեն», – ավարտում է առաջին զինվորներից մեկն ու այսօրվա զինվորի հայրը: