AM
29 Հունվար 2013 - 05:57 AMT

Սերժ Սարգսյանը խախտու՞մ է օրենքը. Ահազանգում է Ստյոպա Սաֆարյանը

ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբերը Ավանում գերազանցում են օրենքով սահմանված թիվը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ահազանգում է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ով, ինչպես ինքն է ասում, թույլատրվածից ավելի շատ նախընտրական շտաբ ունեցող թեկնածուի հետ մրցելու սեփական փորձն ունի:

«Ավտոմեքենայով անցնում էի Ավանի ու Նոր Նորքի 2-րդ զանգվածի (թիվ 1 ընտրատարածք) ներքին փողոցներով: Աներձագի (ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սահակյան, Տարոն Մարգարյանի աներորդին) բոլոր նախկին ընտրական շտաբերի ցուցանակները անխտիր ու առանց բացառության փոխարինված են Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ ընտրական շտաբերի ցուցանակներով»,- գրել է Ստյոպա Սաֆարյանը: Նա հիշեցնում է, որ դեկտեմբերի 2-ի ընտրությունների ժամանակ այս շտաբերը 50-նն էին և Ընտրական օրենսգրքի լուրջ խախտում էին, քանի որ օրենքը հստակ ասում է՝ ընտրական շտաբերի (ցուցանակների) թիվը չի կարող գերազանցել ընտրատարածքում առկա տեղամասային կենտրոնների քանակը` թիվ 1 ընտրատարածքի դեպքում 35-ը:

«Այս թիվը գերազանցելը նշանակում է օրենքով արգելված քարոզչություն անել: Իսկ «ավելցուկ» 15-ը 35-ի գրեթե կեսն է, հետևաբար նշանակում է` Սերժ Սարգսյանը այդքանով ավել ստվերային ու չթույլատրված քարոզչություն է անում: Իմ ընտրությունների ժամանակ օրենքի այս բացահայտ խախտումը կոծկելու համար ԿՀԸ-ն օրենքին տվեց ապօրինի «մեկնաբանություն», թե ընտրական շտաբը ընտրողի ուղղակի կամքի ձևավորման` քարոզչության վայր չէ, չնայած որ ընտրական օրենսգրքում ընտրական շտաբերը նկարագրվում են «Նախընտրական քարոզչություն» անվանումը կրող հոդվածի տակ: Դեհ, հասկացեք, թե ինչ է տեղի ունեցել Ավանում, երբ ԿԸՀ-ը դրանով ասում է, որ ինքը չի վերահսկում դրանցում կատարվողը, քանի որ այն «քարոզչություն» չէ: Մենք բոլորս իհարկե գիտենք, որ ՀՀԿ-ի պարագայում դրանք որպես կանոն ոչ թե քարոզչության, այլ ընտրակաշառք բաժանելու վայր են: Բայց այս մի փաստն էլ հաստատելու եկավ հունվարի 25-ի իմ այն կանխատեսումը, որ այդ օրը ՍԴ-ը չի բավարարի իմ բողոքը, քանի որ բավարարման դեպքում Սերժ Սագսյանը միայն թիվ 1 ընտրատարածքում իրավունք էր ունենալու բացել առավելագույնը 35 ընտրական շտաբեր, բայց ոչ ավելին: Վստահ եմ, որ ոչ միայն աներձագի ընտրական շտաբերն են անփոփոխ մնացել, այլև «աներձագի ցուցակագրված ընտրողներն» են անփոփոխ մնացել, որոնց Տարոնի ընտրակեղծարար ֆլամինգոները էլի տանելու են տեղամաս: Ահա, «ապահով» Հայաստանը, որտեղ «ապահովությունը» ստեղծում են ընտրակաշառք բաժանող Տարոնն ու նրա ընտրակեղծարարները: Ահա Սերժ Սարգսյանի «հավատափոխված» ու «ապահովող» շրջապատը»,- գրել է Ստյոպա Սաֆարյանը:

Ավելի վաղ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ Սերժ Սարգսյանն ունենալու է 1000-ից ավելի նախընտրական շտաբ: Երևանն ունի 12 համայանք, եթե ամեն համայնքում ՀՀԿ-ն ունենա այնքան շտաբ, որքանի մասին ահազանգում է Ստյոպա Սաֆարյանը, ապա միայն Երևանում դրանց թիվը կհասնի մոտ 600-ի: Հանուն արդարության նշենք, որ հունարի 21-ից մարաքաղաքի փողոցներում իսկապես ամենաշատը աչքի ընկնողը այն շենքերն են, որոնց վրա կարմիրով սպիտակին գրված է «Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ»: Հաճախ դրանք իրարից ընդամենը մի քայլ հեռավորության վրա են գտնվում: