Եվրոպայի Հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) հայոց մշակութային ցեղասպանության դեմ պայքարի շրջանակներում շարունակելով իր աշխատանքները ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեմ` կապված Նախիջևանի խաչքարերի ոչնչացման և -ի դեմ, կապված հայկական հնագույն պատմամշակութային արժեքները թուրքականի անվան տակ ցուցադրելու հետ, սկսում է նաև պայքար Հայաստանում հայկական մշակութային ազգային արժեքների պահպանման գործում: Ներկայացնում ենք ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի հայտարարությունն այս թեմայի շուրջ:
Այսօր ՀՀ-ում կասկածի տակ են դրված ազգային երաժշտության, ավանդույթների, բարձրաճաշակ գրականության, հայոց լեզվի և արվեստի պահպանման ու զարգացման հարցերը: Հատկապես ահավոր է հայ ազգային երգ-երաժշտության մատուցման, պահպանման և զարգացման գործընթացը: Ունենալով ազգային և դասական երաժշտության համաշխարհային դեմքեր Հայաստանում գովազդվում և խրախուսվում են անյպիսի կատարողներ, որոնց պետք է արգելել ելույթ ունենալ հայ երգի ոչ հայկական կատարման կամ ազեր-թուրք-արաբական երգերի պատճենահանված տարբերակների մատուցման պատճառով: Ավելի դյուրին է տալ այն մի քանի կատարողների անունները, որոնք հայեցի երգի պատկերացում ունեն, քան տասնյակներին թվարկել, որոնք ոչնչացնում են ազգային երգ-երաժշտությունը:
Օրերս համաշխարհային ամենահայտնի մշակութային երկու հեռուստատեսություններով («Մեցո» և «Արտե») և համակարգչային համաշխարհային ցանցով ուղիղ հեռարձակվեց քսանմեկերրորդ դարի մեծագույն ջութակահար, հայ երիտասարդ, հանճարեղ երաժիշտ Սերգեյ Խաչատրյանի ելույթը Ֆրանսիայի Թուլուզ քաղաքից: Հայ հանճարը ներկայացրեց Բրամսի ջութակի կոնցերտը Թուլուզի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, իսկ հանդիսատեսի պահաջով կատարեց երկու գործ. Իզայու սոնատը և մի այլ հայ հանճարի` Կոմիտասի «Ծիրանի ծառ»-ը: Ֆրանսիացի հանդիսատեսի ոտնկայս օվացիաների տակ նա լքեց բեմը: Ողջ աշխարհի երաժշտասեր հասարակությունը համոզվեց, որ այս ջութակահարը դարձել է այլոց համար անհասանելի և կատարողական արվեստում մարդկային պատկերացումների սահմանից անդին մի կատարող. ջութակին տիրապետելու նրա վարպետությունը ընկալումների սահմաններից դուրս է, իսկ երաժշտական ճաշակի մակարդակն` անըմբռնելի բարձր: Սերգեյն ամենուր ներկայացնում է հայ ազգային երաժշտությունը, ի դեմս Կոմիտասի գործերի, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի, այլ հայ կոմպոզիտորների, այդ թվում երիտասարդ ու դեռ համաշխարհային մեծ ճանաչում չվայելող հայ երգահանների ստեղծագործությունների: Չնայած որոշակի անհարմարություններին, նա ճանապարհորդում է հայկական անձնագրով և հրաժարվել է գերմանական քաղաքացիություն և անձնագիր ստանալուց` չնայած Գերմանիան խիստ շահագրգիռ է նրան քաղաքացիություն տալու հարցում: Սերգեյը միակն է, որին պատիվ է տրվել նվագելու մարդկության պատմության մեջ ամենահայտնի ջութակի ` իտալացի աշխարհահռչակ վարպետ Գվարներիի 1770 թվականին ստեղծված «Գվարների դել Ջեզու»-ի վրա, որը նա ստացել է ճապոնական համաշխարհային ֆոնդից: Այս ջութակը պատկանել է միայն երկու կատարողական հանճարների` Իսահակ Ստեռնին և Էժեն Իզայուն: Այն այժմ վստահված է Սերգեյ Խաչատրյանին…սրանով կարծես ամեն ինչ ասված է:
Իսկ ինչպես ենք գնահատում մենք հայերս և օգտվում այսօր այսպիսի հանճարի գոյության ընձեռնած հնարավորություններից: Բնական է, որ խիստ անբավարար: Սերգեյի անունը կարող է դառնալ մեզ համար այնպիսի այցետոմս, ինչպիսին Արամ Խաչատրյանի և կամ Շառլ Ազնավուրի անուններն են: Նա պետք է լինի մեր Ազգի հպարտությունը, որը պիտի ոգևորի, բարձրացնի մեր Ազգի ոգին ու մարտունակությունը, պետք է դառնա դրոշ: Մեր հարևանների ու թշնամիների մեջ չկա նրա մակարդակին նույնիսկ փոքր ինչ մոտեցող որևէ կատարող: Նրա երաժշտական բարձր ճաշակի հիման վրա պետք է զարգացնենք մեր ժամանակակից հայ երաժշտության ու երգի ընկալումները: Եթե մենք մեր առջև դնենք ահա այսպիսի բարձրության մակարդակի սահմաններ, կփոխենք նաև մեր հասարակության մոտ հայ երգի արամասատրյանական ու արմենչիկյան երգընկալումները և կվերականգնենք հանճարեղ կոմիտասյանը: Այսինքն կփորձենք ազեր-թուրքական անճաշակություններից, որը չափազանց խորթ է մեզ, վերադառնալ իսկական, մաքուր հայկական երաժշտությանը, վերադառնալ մեր արմատներին, քրիստոնեական կամ նույնիսկ նախաքրիստոնեական հայկական երգին, որը չունի ընդհանուր ոչինչ մուսուլմանական մոլլայի աղոթքը պարունակող մուղամի և կլկլացող արևելյան մելիզմների հետ:
ԵՀՄՖ-ն այսուհետ հետևողականորեն անդրադառնալու է վերն արծածված խնդրին և պայքարելու է հայ հանճարներին պրոպագանդելու ու գովազդելու և այսօր տարածված «հայկական» երգ-երաժշտության ահավոր ցածր կատարողներին դեմ պայքարելու գործին:
ԵՀՄՖ-ի նախագահությունը դիմում է բոլոր հայ մեկենասներին ու բարերարներին ուղղելու իրենց հնարավորությունները միայն բարձրարվեստ հայեցի մշակույթը հովանավորելու գործին, որով կբարձրացնենք մեր ազգի ոգին, մարտունակությունը և կմիավորենք համաշխարհային հայությանը ազգային գաղափարների շուրջ: Մենք ունենք հստակ պայմանավորվածություններ հայտնի հայ մեկենասների հետ և պլանավորում ենք մոտ ապագայում կազմակերպել «Համահայկական մշակութային մրցանակաբաշխություն» և պարգևատրումների արժանացնել մեր այսօրվա համաշխարհային մակարդակ ունեցող մշակութային գործիչներին: Սա կլինի մեր առաջին քայլը հայ մշակույթի զարգացումը նոր, ճիշտ ուղու վրա դնելու գործում, հայտնում է ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը:





