AM
29 Հունվար 2013 - 12:57 AMT

2012 թ. Հայաստանում կիբերհանցագործությունների համար 113 գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության դատախազները 2012թ. ընթացքում դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն են իրականացրել 199 քրեական գործով, որից 185-ը քննվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական, իսկ 14-ը` ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություններում:

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում նախապատրաստված 183 նյութերից 113-ով հարուցվել են քրեական գործեր, 56-ով մերժվել է քրեական գործի հարուցումը:

ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննված կիբերհանցագործությունների վերաբերյալ 14 քրեական գործերից 3-ը` 3 անձի նկատմամբ, ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ` ըստ էության քննելու համար, կարճվել է 1 և կասեցվել 4 քրեական գործի վարույթ, միացվել է 1-ը, նախաքննությունը շարունակվում է 5 քրեական գործով: Քրեական գործերով դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ընթացքում տրվել է 111 գրավոր ցուցում, որոնցից ոչ մեկը չի բողոքարկվել:

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու վերաբերյալ քննվել է 17 քրեական գործ, որից 5 գործ գտնվում է նախաքննության փուլում, կասեցվել է 7 գործի վարույթ, 2 անձի նկատմամբ 2 քրեական գործերով կայացվել են մեղադրական դատավճիռներ: Բացի այդ, 1 քրեական գործով 2 անձի նկատմամբ դատաքննությունը փոխանցվել է 2013թ: Դատարաններում մեղադրանքը պաշտպանվել է 63 քրեական գործով 105 անձի նկատմամբ:

Ընդհանուր իրավասության դատարաններում արագացված դատական քննության կարգով քննվել է 35 գործ 54 անձի նկատմամբ : Դատարաններում մեղադրողների կողմից մեղադրանքից հրաժարվելու դեպքեր չեն եղել: Արդարացման դատավճիռներ չեն կայացվել:

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտված քրեական գործերով և նախապատրաստված նյութերով պատճառված նյութական վնասը կազմում է 1.267.771.909 դրամ, որից վերականգնվել է 937.200.573 դրամը: Պետությանը պատճառվել է 1.047.061.420 դրամի գույքային վնաս (մաքսանենգության դեպքերով մաքսանեգության առարկաներ), որից վերականգնվել է 772.461420 դրամը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: