AM
29 Հունվար 2013 - 15:52 AMT

ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել:

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են նաև «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» և դրան կից օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է համահեղինակ, հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել` փաթեթները նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն Էլինար Վարդանյանի նախագահությամբ քննարկել է Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու հարցը:

Պատգամավորները դրական եզրակացություն են տվել օրինագիծը ԱԺ երրորդ նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Նիստի օրակարգում ընդգրկված մյուս՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը հանձնաժողովը, համահեղինակ պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ, որոշեց հետաձգել մինչև մեկ տարով:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «Պետական նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ու «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Հանձնաժողովը քննարկել է նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Պատգամավորները, կարևորելով օրենսդրական փաթեթը և դրանում կատարված բարեփոխումները, մի շարք դրույթներ վերաձևակերպելու, հստակեցնելու, տարանջատելու առաջարկներով են հանդես եկել:

Կորյուն Նահապետյանն առաջարկել է օրինագծերի փաթեթն ընդգրկել միայն նստաշրջանի օրակարգում և հնարավորություն տալ պատգամավորներին մինչև հանձնաժողովի հաջորդ նիստը հանգամանալից ծանոթանալու նախագծերին, հեղինակների հետ կազմակերպելու աշխատանքային քննարկումներ և ներկայացնելու իրենց առաջարկները, ինչը ընդունվել է և՛ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, և՛ հանձնաժողովի անդամների կողմից: Նույն օրը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Հայկ Գրիգորյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Պատգամավորները քննարկել են նաև կառավարության հեղինակած «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին » ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Քննարկված օրինագծերը դրական եզրակացություն են ստացել՝ ընդգրկվելու նստաշրջանի և փետրվարի 4-7-ի չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: