AM
30 Հունվար 2013 - 05:41 AMT

ԱԻՆ, 911, լսում եմ…Հաշմանդամություն ունեցող Նելանն արդեն 3 շաբաթ աշխատում է

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում արդեն բավական ժամանակ է` աշխատանքի են անցել հաշմանդամություն ունեցող անձինք: Նրանցից Նելանի հետ զրուցեցի հենց նրա գրասեղանի մոտ` աշխատանքի ժամին:

«Հեռախոսով շատ եմ խոսում` միշտ ականջիս է: Ընկերներս ասում են` հենց ինձ բնորոշ աշխատանքն եմ գտել», – ասում է Նելանն ու պատմում, թե ինչպես է գտել. ԱԻՆ-ում աշխատանքի մասին իմանալով, հայտ է ներկայացրել, որից հետո հարցազրույցի են հրավիրել:

«Հարցազրույցը մի քանի փուլով էր` նախ ստուգեցին ինչքանով ենք մենք մարդամոտ: Ես այս առումով խնդիր չունեմ: Մարդամոտ եմ: Սիրում եմ շփվել, կարողանում եմ: Հետո հիշողությունը ստուգեցին: Ես լավ եմ հիշում: Լեզվի իմացություն` մայրենիից բացի 2 լեզու գիտեմ: Երկրորդ փուլում հարցրեցին` ինչ աշխատանք կնախընտերինք: Հնարավորությունները մի քանիսն էին` օպերատոր, հրահանգիչ, ԱԻՆ կայքէջում և այլն: Հետո մի քանի օր եկանք, հետևեցինք պրոֆեսիոնալների աշխատանքին, ծանոթացանք, սովորեցինք… ու այսպես սկսեցինք աշխատել», – պատմում է Նելանը` միաժամանակ ուշադիր հետևելով իր առջև դրված սպիտակ հեռախոսի վերևի աջ անկյունի փոքրիկ ու մուգ կարմիր ապակուն, որը ժամանակ առ ժամանակ ավելի էր կարմրում ու թրթրռում. նշանակում է ահազանգում են ու… «ԱԻՆ, 911, լսում եմ…»

«Ես հաստատ ճիշտ որոշում եմ կայացրել, որ հենց օպերատորի աշխատանքն եմ ընտրել: Ուղղակի դեռ հմուտ չեմ, սովորում եմ: Սա շատ պատասխանատու աշխատանք է», – հերթական զանգին պատասխանելուց հետո ասում է Նելանը:

Իսկ ամենաշտապ ու կարևոր զանգերից այս ընթացքում երկուսին է պատասխանել. առաջինը`մի տատիկ էր օգնություն խնդրում. դուռը կողպվել էր ու նա արդեն երկար ժամանակ տանը մենակ փակված էր: «Մյուսն էլ գազօջախի համարյա բռնկման դեպքն էր, բռնկումը փրկարարներն են կանխել», – պատմում է նա:

Աշխատում է ամեն օր` ժամը 10-ից 17-ը, բացի շաբաթ կիրակի օրերից: Գիշերային հերթափոխի չի մնում` դեռ սովորելու բաներ կան, բայց որոշ ժամանակ անց դա էլ կլինի: Ասում է. «Մեծ հաճույքով հենց գիշերային հերթափոխին կաշխատեմ: Ես գիշերային մարդ եմ»:

Նելանը երգում է աշխարհում եզակի «Փարոս» երգչախմբում ու երգչախմբի հատուկ հագուստից բացի ոչ մի ուրիշ համազգեստ չի հագել, իսկ հիմա համազգեստով է` ԱԻՆ համազգեստով: «Այս հագուստով պատասխանատվություն եմ զգում: Իմ աշխատանքն էլ պետական ծառայություն է, ինչպես ոստիկանինը, զինվորինը: Ինձ նաև հարմարավետ եմ զգում համազգեստով», – ասում է նա: Վերջում, երբ Նելանին խնդրեցի պատմել ցանկացած հետաքրքիր մանրամասն, որի մասին գուցե ես չհարցրեցի, նա նշեց. «Ես միշտ մտածել եմ, որ եթե երկրաշարժի ժամանակ այսպիսի ԱԻՆ ունենայինք, զոհերն ու վիրավորներն ավելի քիչ կլինեին…»