«Լրատվական կայքերը ոստիկանության կայքից իմացել էին անունը, փնտրել սոցիալական կայքերում, քաշել էին նկարները ու տեղադրել նյութի հետ, մեկնաբանությունները բաց են, էնպիսի հայհոյանքներ են գրված, որ չկարողացա կարդալ, փակեցի, որ ավելի չվատանամ», – եղածը համառոտ պատմեց նա:
Աղջիկը համոզված է, որ խախտվել է եղբոր անմեղության կանխավարկածը. զրուցում ենք ու հասկանում, որ ամենևին՝ ոչ: Թեև նրան ցույց են տվել հեռուստատեսությամբ ու դեպքը լուսաբանել են թերթերն ու էլեկտրոնային մամուլը, բայց անմեղության կանխավարկածը չի խախտվել: «Էլ ի՞նչ պետք է անեին, որ խախտված համարվեր»,-հարցնում է զրուցակիցս:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին կետում նշվում է. «Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Սա ենթադրում է, որ մինչև չապացուցվի, որ մարդը մեղավոր է, և չլինի դատարանի վճիռը, որևէ մեկը իրավունք չունի նրան հանցագործ անվանել», – ասում է իրավաբան Արամ Մինասյանն ու հավելում, որ մեր օրենսդրության մեջ չկա հոդված, որը տարանջատում է հենց «անմեղության կանխավարկած» կոչվածը. բանն այն է, որ դրա ձևակերպումը տրվում է լրացուցիչ մեկնաբանություններով:
Ահա այն ամենը, ինչ կա օրենքում. մեկնաբանությունների, նկարների տարածման և մնացածի համար ամեն ինչ տեղափոխվում է այլ հարթություն.
«Եթե անձնական տվյալներ են հրապարակվել, այստեղ արդեն գործ ունենք նախաքննության գաղտնիության և անձնական տվյալների գաղտնիության հետ»,-ասում է իրավաբանը:
-Իսկ ի՞նչ անի աղջիկն այդ մեկնաբանությունների ու վիավորանքի հետ կապված, – հարցնում եմ ես:
«Պետք է սպասել, որ տղայի անմեղությունը ապացուցվի, հետո արդեն ձևակերպել պահանջները և անցնել մնացածին», – ասում է Արամ Մինասյանը: «Անունը հրապարակելը, նկարները հրապարակելը հասկացանք, բայց լրատվական կայքերը մեր տան հասցեն, նրա աշխատավայրը ևս հրապարակել էին. արդեն իրենց սեփական հետաքննության շնորհիվ, մենք մտածում էինք փոխել բնակության վայրը, վախենում էինք, որ մեզ կվնասեն», – ասում է իմ ծանոթը:
Երեկ էլ փաստաբան Սուրեն Մնացականյանն իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը խախտելու մեջ մեղադրեց «02» հաղորդաշարին: Փաստաբանը պատմեց, որ հունվարի 16-ին, երբ դեռ իր պաշտպանյալը որևէ կարգավիճակ չի ունեցել, նրան հրավիրել են ոստիկանություն, առանց վերջինիս գիտության և համաձայնության, նկարահանել Վոլոդյա Գալստյանին, հետո հայտնել են, որ նրան մեղադրում են խարդախության մեջ:
«Ստիպված ենք փաստաբանին խորհուրդ տալ, որ ավելի ուշադիր ուսումնասիրի ՀՀ քրեադատավարական նորմերը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածը հստակ արձանագրում է. «Նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ»: «02» հաղորդաշարը տեսանյութը պատրաստել է նախաքննական մարմնի թույլտվությամբ և նրա տրամադրած տեղեկատվության շրջանակում, որի պայմաններում չի խախտվել նաև նախաքննության գաղտնիության սկզբունքը: Իսկ ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածին, ապա այդ նորմի մասին պատկերացում պետք է կազմել ոչ թե «նյութը նայելուց», այլ վերստին գործող օրենսդրությունն ուսումնասիրելով», – չուշացավ ոստիկանության պատասխանը:
Ստացվում է, որ օրենք չի խախտվում, ոստիակնությունը գործում է վարույթն իրականցնող մարմնի թուլտվությամբ և ենթադրվում է, որ բողոքողներ չպետք է լինեին: Բայց կան: Բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ անմեղության կանխավարկածը չի խախտվել, ամեն ինչ արվել է օրենքի շրջանակում, բայց կասկածյալի կինն ազատվել է աշխատանքից, աղջիկը փոխել է բնակության վայրը, տղան դպրոցը և այլն և այլն:
Եվ դարձյալ, բոլոր ճանապարհները տանում են դեպի լրատվամիջոցներ: Հարց է առաջանում, որքանո՞վ է արդարացված սոցիալական ցանցից հանել լուսանկար ու տեղադրել այն կայքում, եթե այդ մարդը նման բան թույլ չի տվել, որքանո՞վ է արդարացված հրապարակել մի մարդու անձնական տվյալներ, մասնավորապես, բնակության վայրը, եթե նա մեղադրվում է մի բանում, որը կարող է ուրիշներին դրդել վրեժ լուծելու, եթե անգամ նա իսկապես հանցագործ է: Որքանո՞վ է արդարացված վտանգել այդ մարդու ընտանիքին, հարազատներին, ո՞րն է նրանց մեղքը:
Հ.Գ. Բոլորովին վերջերս, երբ Եհովայի վկաները Եվրադատարանում հայց ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության դեմ և շահեցին դատը, բոլորը սկսեցին խոսել այն մասին, որ այդ գումարը գնում է իրենց գրպանից, և ինչու պիտի իրենք ստիպված լինեն վճարել այդ գումարը: Նման տեսակետ արտահայտողների մեծ մասը լրագրողներն էին, որոշ լրատվամիջոցներում հանդիպեցի նյութերի, որտեղ իմ գործընկերները իրենց արդարացի բողոքն էին գրել: Համաձայնվեցի և նրանց հետ վրդովվեցի, որ այն գումարը, որով, գուցե, դպրոց կամ մանկապարտեզ կկառուցվեր մեր երկրում, անտեղի վատնվեց: Հետաքրքիր է, այդ ամենը գրողները երբևէ մտածե՞լ են, որ նույն բանը կարող է տեղի ունենալ իրենց պատճառով: Իսկ եթե այդ կերպ «լայն լուսաբանվող» մեղադրյալը արդարացվի ու որոշի իր իրավունքները վերականգնել Եվրադատարանո՞ւմ:
Հ.Հ.Գ. Պարզվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանին այս հարցերով քաղաքացիները քիչ են դիմում. «2012 թվականին այդ հարցով դիմումներ գրեթե չեն եղել, ավելի շատ դատաքննության ընթացքից են բողոքում», – մեզ հետ զրույցում ասաց ՄԻՊ գրասենյակի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:





