AM
3 Օգոստոս 2005 - 04:51 AMT

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է

«Մենք ողջունում ենք Վենետիկի հանձնաժողովի գնահատականը, ըստ որի Հայաստանի սահմանադրական փոփոխությունների վերանայված նախագիծը նախկին տարբերակի համեմատությամբ պարունակում է կոնկրետ բարեփոխումներ եւ հիմք է ծառայում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության համար»: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած ՀՀ սահամանադրական բարեփոխումներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղար Բոյանա Ուրումովան: Հիմք ընդունելով Վենետիկի հանձնաժողովի վերջին եզրակացությունը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, Ուրումովան նշել է, որ երկրորդ ընթերցմամբ նախագծի քննարկման ժամանակ էական փոփոխություններ չեն լինի: «Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության բարի կամքը սահամանադրական բարեփոխումների առաջխաղացման հարցում»,-հայտարարել է նա եւ ընդգծել է նախագծի համատեղ քննարկման անհրաժեշտությունը ընդդիմության եւ հանրության ներկայացուցիչների հետ, ինչը կհանգեցնի քաղաքական համաձայնության: «Եվ քաղաքական մեծամասնությունը, եւ ընդդիմադիր կուսակցությունները պետք է կրկնպատկեն ջանքերն ուղղված կառուցողական եւ ժողովրդավարական երկխոսության ապահովմանը»,-հայտարարել է Ուրումովան: Նրա խոսքերով, հաջորդ մարտահրավերը կլինի բնակչությանը տեղեկացնելու կազմակերպչական գործունեությունը, որը կբերի Հայաստանին նոր սահմանադրության ընդունմանը, ինչպես նաեւ ուղի կհարթի եվրաինտեգրման ճանապարհին: