«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է, որ Երևանի այգիներում նոր կառուցապատումները պետք է արգելվեն, Մաշտոցի և այլ այգիներում հիմնական կառույցներ չպետք է լինեն:
«Չնայած հանրային տարածքի համար վերջին տարիների քաղաքացիական պայքարին` Երևանի քաղաքապետարանը դասեր չի քաղել և չի կարողանում որոշում ընդունել Երևանի այգիների կառուցապատումները կանգնեցնելու համար:
Այսպես 2013թ. հունվարի 25-ին էկոլոգիական հանձնաժողովի նիստին են ներկայացվել «Մալիբու» սրճարանի և Արաբկիրի Պրագայի այգու վերակառուցման նախագծերը, որոնք ոչ այլ ինչ են, քան այգում հիմնական շինություններ:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը կրկին շեշտում է, որ կտրականապես դեմ է այս և որևէ այլ նախագծի, որը առանձին անհատների շահերին կծառայեցնի հանրային տարածքները: Բոլոր տգեղ և կրպակատիպ կառույցները պետք է քայլ առ քայլ դուրս բերվեն այգիներից, այլ ոչ թե օրինականացվեն: Որևէ սեփականատերի շահ չի կարող բարձր լինել, քան հանրության շահը:
Երևանի ավագանին և քաղաքապետը պետք է իրենց մեջ վերջապես ուժ գտնեն սկզբունքային որոշում կայացնելու Երևանի հանրային այգիների անձեռնմխելիության մասին: Այդ բոլոր քայլերը բացասաբար են ազդում առանց այդ էլ անկում ապրող Երևանի քաղաքակրթական մակարդակի վրա:
Նշենք նաև, որ էկոլոգիական հանձնաժողովը մինչև օրս քննարկել է տասնյակ ահազանգեր, Նորքի անտառների մասին և այլ հրատապ խնդիրներ, սակայն այդ քննարկումները գրեթե անհետևանք են մնում Երևանի քաղաքապետարանի, վարչությունների և պատասխանատուների համար: Նման պայմաններում էկոլոգիական հանձնաժողովի աշխատանքը դառնում է ոչ համարժեք և ծառայում է որպես շղարշ նախկին գործելաոճը շարունակելու համար:
Ելնելով վերոշարադրյալից հայտարարում ենք, որ կտրականապես դեմ ենք նման որևէ կառուցապատման հանրային այգիներում և պատրաստ ենք օգտագործել քաղաքացիական պայքարի բոլոր միջոցները հանրային այգիները մասնավորի միջամտությունից զերծ պահելու համար», ասվում է նախաձեռնության հայտարարության





