AM
1 Փետրվար 2013 - 10:15 AMT

Օսկանյանը` Հայրիկյանի մահափորձի մասին. Հայաստանը թեկուզ մի փոքր սիրող մարդը իրեն նման բան թույլ չէր տա

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը գործընկերների հետ այցելել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: «Մենք հիվանդանոցում եղանք այն պահին, երբ նրան դուրս էին բերում վիրահատարանից: Նա դեռ չէր զարթնել, և հնարավոր չեղավ խոսք փոխանակել հետը: Բժիշկներն ասացին, որ ամեն ինչ բարեհաջող է ընթացել, Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում: Պարույր Հայրիկյանին մաղթում եմ հնարավորինս արագ ապաքինում»,- գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում:Կատարվածն, ըստ նրա, զարհուրելի և դատապարտելի է: «Հայաստանը թեկուզ մի փոքր սիրող մարդը իրեն նման բան թույլ չէր տա, որովհետև դա առաջին հերթին վնասում է ազգի ու երկրի հեղինակությանը: Հանցագործության վարկածներից խոսելիս պետք է զգույշ լինել և սպասել, որ իրավապահ մարմիններն իրենց աշխատանքը կատարեն»,- գրել է Վարդան Օսկանյանը:

Երեկ՝ ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել էին Պարույր Հայրիկյանի վրա: Անրակի շրջանում հրազենային վնասվածքով ՀՀ նախագահի թեկնածուին տեղափոխել էին Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: