ՀՀ նախագահի թեկնածու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը կատարվածի վերաբերյալ որևէ պաշտոնական վարկած չի հայտնում: Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտնել է, որ ընտրությունները հետաձգելու վերաբերյալ որոշումը կախված է թեկնածուի առողջական վիճակից:
Նա նաև տեղեկացրել է, որ այսօր Հայրիկյանն դուրս է եկել անզգայացումից, սակայն նրան այսօր հնարավոր չի լինի տեսակցել:
Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանն էլ վստահեցրել է, որ Պարույր Հայրիկյանի վիրահատությունը լավ է անցել, և նրա վիճակը գնահատվում է բավարար: «Գնդակը գտնվում էր աջ անրակային հատվածի փափուկ հյուսվածքներում: Այժմ նա գտնվում է քնկոտ վիճակում, մի քանի ժամից լրիվ կարթնանա, ցավեր չունի, արյան ճնշումը և գիտակցությունը նորմալ են: Կմնա վերակենդանացման բաժնում վերահսկողության տակ՝ 2-3 օր, հետո կտեղափոխվի ընդհանուր բաժանմունք»,-ասել է նա: Ըստ բժշկի` ամբողջական ապաքինման համար անհրաժեշտ է առնվազն 7-10 օր:
Ավելի վաղ Պարույր Հայրիկյանի դուստրը` Նարե Հայրիկյանը դեպքից մանրամասներ է պատմել: Ըստ նրա` երեկ երեկոյան իրենք նստած են եղել տանը, ձայներ են լսել, անմիջապես վազել են պատուհանի մոտ ու տեսել, որ հայրը բարձրանում է վերև: «Ձեռքի պայուսակը վեր թռավ, անմիջապես վազեցինք ներքև, երկրորդ կրակոցից անմիջապես ընկել էր, ամբողջն արյունոտված, հարևանները զանգահարեցին շտապօգնություն, ոստիկանություն, անգիտակից էր»,- պատմել է նա:
Հարևաններից մեկը նկատել է, որ սև շորով, սև գլխարկով մեկը հետևել է Պարույր Հայրիկյանին մինչև նկարահանման գնալը: Ըստ Նարեի` որևէ տարօրինակ բան մինչև դեպքը չեն նկատել:





