Երիտասարդների համար կարևոր է պրոֆեսիոնալ զինվորականի, մեծ հայրենասերի, մտավորականի խոսքը, մտորումները, ապագայի նրա տեսլական: Նրանք մեր իրականության հեղինակություններին լսելու, նրանց հետ շփվելու և նրանցից սովորելու կարիք ունեն: Կարծիքը «Սինոփսիս Արմենիայի» գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն այսօր հայտնել է գիտաարտադրական կենտրոնում ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի «Հաղթողների ակումբի» անդամների և ՀՀ Պաշտպանության նախարարի հանդիպման ժամանակ:
Բանակի 2013թ. ուսումնական տարվա առաջին օրը Սեյրան Օհանյանը, խոսքն ուղղելով հավաքված ուսանողներին, ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել մարդկանց հետ, ովքեր մեր հայրենիքի, ժողովրդի ապագան են և մարդիկ, ովքեր մեր բանակի` խելացի պաշտպանության անցնելու գաղափարի ձևավորման մեջ անկասկած մասնակցություն են ունենալու»: Նախարարն ավելացրել է նաև, որ հակառակ դեպքում անիմաստ կլինեն նրանց բոլոր հաջողություններն ու այն վստահությունը, որ երկրի նախագահն ու մենք բոլորս ունենք նրանց նկատմամբ:
Նախարարին լսելուց բացի, ներկաները հնարավորություն ունեցան նաև հարցեր ուղղել: Դրանք պատերազմի վերսկսման հավանականության, մեր ռազմական հնարավորությունների, զորակոչի հետ կապված խնդիրների մասին էին և ոչ միայն:
«Այսօր մենք հարաբերական` ոչ պատերազմ-ոչ խաղաղություն պայմաններում ենք: Զինադադար է, բայց զինադադարի պայմանագիրը խախտվում է, բայց սկզբունքներով ԼՂ խնդիրը պետք է լուծվի միջազգային չափորոշիչներին համաձայն` հաշվի առնելով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշումը, վստահ լինելով, որ ԼՂ պատմաիրավական փաստերով ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ», – ասաց նախարարն ու ավելացրեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը ,ինչպես միակողմանի մեզ պատերազմ պարտադրեց, այնպես էլ այսօր բանակցային գործընթացում է փորձում իր առավելությունը պարտադրել, ընդ որում՝ անհիմն:
«Ռազմական հռետորաբանությամբ, սպառազինությունների մրցավազքով, բյուջետային հիստերիայով, առաջին գծում վստահության եզրերի ստեղծումը մերժելով: Այս ամենը խոսում է այն մասին, որ իրենք իրոք պատրաստվում են պատերազմի, բայց միայն 1-ին գծում համեմատելով մեր ու նրանց զինվորների պատրաստվածությունը, ոգին, գալիս եմ այն եզրակացության, որ նշվածի մեծ մասն ուղղակի խոսքեր են: Չի կարող պատահել այնպես, որ ունենան ուժեղ ստորաբաժանումներ, իսկ սահմանին կանգնած լինեն թույլ զինվորներ: ՀՀ առաջին գծում գտնվող զինվորը պարտադրողի դերում է և այդպես էլ լինելու է», – ասաց նախարարը:





