AM
1 Փետրվար 2013 - 13:39 AMT

Անդրանիկավանցի ուսանողները զրկվել են իրենց դասի տանող գազելներից

PanARMENIAN.Net-ի խմբագրություն են դիմել Արարատի մարզի Մասիսի շրջանի Անդրանիկավան գյուղի ուսանողներից մի քանիսը: Նրանք պնդում են, որ իրենց գյուղից Երևան եկող տրանսպորտը դեկտեմբեր ամսից սկսած նախկին ժամը մեկի փոխարեն, երկու ժամը մեկ պարբերությամբ է աշխատում: Արդյունքում տուժում են իրենք:

«Դասից չուշանալու համար ստիպված ենք լինում առավոտյան կես ժամ ոտքի ճանապարհ անցնել, որ հասնենք Դաշտավան: Այնտեղի տրանսպորտն էլ ժամը մեկ էր աշխատում, բայց վերջերս ավելացել են 15 րոպեն մեկ եկող-գնացող գազելները: Մեր գյուղից ուղևորները պակասել են, դրա համար էլ մեր վիճակն ավելի է վատացել», – պատմեց նրանցից Զարինեն ու ավելացրեց, որ չի հասկանում ինչո՞ւ է իրենց գյուղի տրանսպորտը 2 ժամը մեկ աշխատում, կողքի գյուղինը` 15 րոպեն մեկ:

«Ամեն առավոտ մարդկանց շարան է, որ մեր գյուղից ճամփա է ընկնում Դաշտավան: Բարցիթողի վիճակ է: Ոչ մեկը չի վերահսկում: Ով ինչ ուզում`անում է», – ասում են անդրանիկավանցիներն ու առաջարկում, որ այն 15 րոպեն մեկ եկող-գնացող գազելները գոնե իրենց գյուղ էլ մտնեն:

Տրանսպորտի և կապի նախարարությունից այս հարցով մեկնաբանություն ստանալու բոլոր ջանքերն անցան ապարդյուն: