Օգոստոսի 1-5-ին ՀՀ ԱԳՆ-ում անցկացվեց Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ «Առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման եւ տարանցիկ փոխադրման մասին» համաձայանգրի (Ռեադմիսիայի համաձայնագիր) նախագծի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Քննարկումներին մասնակցելու համար Երեւան էր ժամանել Գերմանիայի կառավարական պատվիրակությունը` ԳԴՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի, փախստականների, ինտեգրացիայի, եվրոպական ներդաշնակության բաժնի պետի մշտակական ներկայացուցիչ Կորնելիա Ռոգալ-Գրոթեի գլխավորությամբ: Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ ԱԳ նախարարության, ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության, ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության ներկայացուցիչները: Բանակցությունների առաջին փուլը նույնպես անցկացվել էր Երեւանում 2004 թվականի օգոստոսին, եւ կողմերը որոշեցին շարունակել բանակցությունները` հիմք ընդունելով ՀՀ կառավարության նախագիծը: Ներկայիս բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց 2005 թվականի վերջին շարունակելու եւ ավարտելու Համաձայնագրի նախագծի վերաբերյալ բանակցությունները: Ռեադմիսիայիհամաձայնագրերի ստորագրումը համարվում է Եվրամիության կառույցների մեջ ինտեգրվելու պայմաններից մեկը: Այդ համաձայնագրերը կարգավորում են մուտքի երկրի կողմից անօրինական միգրանտներին ելքի երկիր վերադարձնելու մեխանիզմները: Առ այսօր Հայաստանը նման համաձայնագրեր է ստորագրել Դանիայի, Լիտվայի եւ Շվեյցարիայի կառավարությունների հետ: Ներկայումս քննարկման փուլում են գտնվում Գերմանիայի, Բենիլյուքսի երկրների, Նորվեգիայի, Չեխիայի, Լեհաստանի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ համաձայնագրերի նախագծերը:





