Տեղի է ունեցել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարն իր բացման խոսքում, որպես ուսուցման որակի արդյունավետության բարելավման կարևոր գործոն, ընդգծել է որակյալ դասագրքեր ունենալու և ուսումնական հաստատությունների սովորողներին դասագրքերով ապահովելու կարևորությունը: Արմենը Աշոտյանը մեկ անգամ ևս շեշտել է դասագրքերի բովանդակային մատչելիության խնդիրը` կոչ անելով հաշվի առնել բոլոր շահառու կողմերի` մասնագետների, մանկավարժների, ծնողների տեսակետները և մոտեցումները, ասվում է հաղորդագրության մեջ:
Հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Գ. Գարեգինյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանրակրթական դպրոցների "Հայրենագիտություն-5", "Բնագիտություն-5-6", "Կենսանաբություն-7-8", "Ֆիզիկա-7-9", "Քիմիա-7-9", "Հայոց պատմություն-6-7", "Հայոց պատմություն-8-9", "Համաշխարհային պատմություն-6-7", "Համաշխարհային պատմություն-8-9", "Հասարակագիտություն-8-9" , "Աշխարհագրություն-6", "Աշխարհագրություն-7-8" դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների հրատարակման մրցույթի բացման, գնահատման և հաստատման աշխատանքներին: ՀՀ ԿԳ նախարարի 30.11.12թ. թիվ 1094-Ա/Ք "2013-2014 ուսումնական տարվա մրցույթով հաղթած դասագրքերը փորձարկելու մասին" հրամանի համաձայն` 20 անուն դասագիրք փորձարկման նպատակով տրամադրվել է հանրապետության 90 դպրոցի, ինչպես նաև դրանց էլեկտրոնային տարբերակները տեղադրվել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կայքում: 2012-2013 ուսումնական տարում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքեր տրամադրելու նպատակով պետական ուսումնական հաստատություններին պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 120մլն.դրամի չափով փոխհատուցում:
Հոգաբարձուների խորհուրդը որոշել է վերահրատարակել 10-րդ և 11-րդ դասարանների "Հայոց եկեղեցու պատմություն" առարկայի դասագրքերը:
2013 թվականին կհայտարարվի մրցույթ հետևյալ առարկաների դասագրքերի համար` "Ռուսաց լեզու", "Անգլերեն", "Ֆրանսերեն", "Գերմաներեն" 5-9-րդ դասարանների համար, "Աշխարհագրություն"` 9-րդ, "Կենսաբանություն"` 9-րդ, ՆԶՊ` 8-9-րդ և "Տեխնոլոգիա"` 5-7-րդ դասարանների համար:





