AM
4 Փետրվար 2013 - 14:23 AMT

Մրգի վերամշակման արժեշղթայի զարգացման ծրագրում առաջին հերթին կընդգրկվեն հեռավոր համայնքները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչներ Ֆրանկ Հարթվինքին և Մարիա Կլոսսին, որոնք Հայաստանում են գյուղմթերքների վերամշակման տարբեր արժեքային շղթաների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված տեխնիկական աջակցության ծրագրի մշակման նպատակով տեղում առկա իրավիճակին ծանոթանալու համար, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Ողջունելով հյուրերին, նախարարը խնդրեց իր երախտագիտությունը փոխանցել ՄԱԱԶԿ-ի ղեկավարությանը, կազմակերպության արդյունաբերական զարգացման ծրագրերում ընդգրկվելու Հայաստանի առաջարկին արձագանքելու համար և խոստացավ ըստ ամենայնի օժանդակել ծրագրի մշակմանն ու իրականացմանն անհրաժեշտ բոլոր աշխատանքներին ու փուլերին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ֆրանկ Հարթվինքը ներկայացրեց գյուղատնտեսության բնագավառի քաղաքականության և ռազմավարության մշակմանը մասնակից պետական մարմինների, մրգի վերամշակման մասնավոր ձեռնարկությունների ներկայացուցիչների և անհատ ձեռներեցների հետ իրենց հանդիպումների, ինչպես նաև ՄԱԱԶԿ-ի երևանյան գրասենյակում նշված ծրագրի իրականացման բաժնի ձևավորման ընթացքը:

Երկուստեք նպատակահարմար համարվեց «Աջակցություն մրգի վերամշակման արժեշղթայի զարգացման ծրագրի» իրականացմանն ընդգրկել առաջին հերթին հեռավոր և ծայրամասային համայնքների, հիմնականում Սյունիքի և Լոռիի մարզերի երիտասարդությանը, կանանց և խոցելի համայնքներին:

Ծրագրի իրականացմամբ կհաստատվեն կայուն գործարար հարաբերություններ արտադրողների և վերամշակողների, ինչպես նաև ներքին և արտաքին շուկաներում գործող վերամշակողների և գնորդների միջև: