AM
5 Փետրվար 2013 - 14:09 AMT

Է. Շարմազանով. Ոչինչ և ոչ ոք չի կարող մեզ խանգարել կառուցելու ապահով, ուժեղ և ժողովրդավարական Հայաստան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել ԱԺ հայտարարությունների ժամին: Նա մասնավորապես ասել է.

«Նախագահական ընտրությունների ընթացքը թևակոխում է վճռական փուլ: Քարոզարշավ, որը նաև միջազգային փորձագետների կողմից բնութագրվում է որպես ծրագրային մրցապայքար՝ քաղաքական կոռեկտության սահմաններում, զերծ անձնական վիրավորանքից: Կարճ ասած` քարոզարշավ, որը բնորոշ է կայուն ժողովրդավարական երկրներին:

Մենք բազմիցս նշել ենք, որ որպես քաղաքական իշխանություն` անելու ենք մեզանից կախված ամենը, որպեսզի այս ընտրություններն իրենց որակով լինեն լավագույնը: Եվ պատահական չէ, որ մեր թեկնածուն ասել է. «Պարտավոր ենք լավ ընտրություններ անցկացնել: Դա օդ ու ջրի պես մեզ անհրաժեշտ է»:

Փետրվարի 18-ին մենք կընտրենք մեր Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարին և Արցախյան հարցով գլխավոր բանակցողին: Մենք համոզված ենք, որ հայոց բանակը մեր պետականության և հայության անվտանգության հիմնական երաշխավորն է և Արցախի հուսալի թիկունքը:

Արցախցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ քաղաքական կարգավիճակով պետք է ապրեն ապագայում: Այլ կերպ ասած` ԼՂ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության: Ավելին՝ խնդրի կարգավորման հիմք պետք է հանդիսանա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչումը:

Օրեր առաջ տեղի ունեցավ զազրելի հանցագործություն, որն ուղղված էր ոչ միայն նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի, այլև մեր պետականության դեմ: Այս սադրանքի հեղինակները նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա: Բայց մենք պարտավոր ենք այս փորձությունից դուրս գալ ավելի վճռական և միասնական: Ոչինչ և ոչ ոք չի կարող մեզ խանգարել կառուցելու ապահով, ուժեղ և ժողովրդավարական Հայաստան:

Այստեղ տեղին է մեջբերել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Սըր Ուինսթոն Չերչիլի խոսքերը. «Դու երբեք քո ուղին մինչև վերջ չես անցնի, եթե կանգ առնես՝ քար նետելու ամեն մի վայրահաչողի վրա»: