ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Արարատի մարզում էր և իր նախընտրական քարոզարշավը սկսեց հենց մարզկենտրոնից, որտեղ բավական հոծ բազմություն էր հավաքվել՝ ծանոթանալու թեկնածուի ծրագրի սոցիալական հատվածի հիմնադրույթներին: Դիմելով ներկաներին, Հովհաննիսյանը հավաստիացրեց. «Մասնագիտական հաշվարկներն ու վերլուծությունները վկայում են, որ միանգամայն հնարավոր է բյուջե վերադարձնել 300 մլրդ դրամ, ինչը թույլ կտա 50 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները, էապես մեծացնել գիտության ու կրթության, առողջապահության և պաշտպանության ֆինանսավորումը: Բոլոր ոլորտներում կոռուպցիոն երևույթներն ու մենաշնորհները արմատախիլ անելու միջոցով առաջիկա նախագահության տարիներին օտարերկրյա ներդրումները կաճեն շուրջ 6 անգամ, կստեղծվի 180 հազար նոր աշխատատեղ, կապահովվի տարեկան 10 տոկոս տնտեսական աճ, ինչի շնորհիվ կավելանան աշխատավարձերը և շուրջ 600 հազար քաղաքացի դուրս կգա աղքատությունից»:
Այնուհետև նախագահի թեկնածուն՝ իրեն ուղեկցող կամավորականների հետ, այցելեց Վեդի, Արտաշատ և Մասիս քաղաքները, փողոցներում ու զբոսայգիներում սրտաբաց զրույցի բռնվեց մարդկանց հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: «Պարույր Հայրիկյանի՝ նախագահական ընտրությունները հետաձգելու հարցով Սահմանադրական դատարան չդիմելու որոշումը նրա իրավունքի ու հայեցողության տիրույթում է»,- ի պատասխան ընտրողների հետաքրքրության, Վեդիում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտնում է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը:





