Նորաստեղծ «Նոր Հայաստան» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի բնորոշմամաբ` իրենք չունեն բազմանդամ կուսակցություն ունենալու խնդիր և անձնագրեր գրանցելու կարիք: «Մենք ունենք մեր դիրքորոշումը և չենք կրկնելու նախորդ տարիներին քաղաքական ուժերի կատարած սխալները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաբկեն Հարությունյանը:
Նա նկատեց, որ գործում է մենաշնորհների զազրելի համակարգ, իսկ իրենք առաջարկում են արատավոր երևույթները վերացնելու համար ուսումնասիրել բոլոր ոլորտները: «Գալու է մի պահ, երբ մենք ենք դառնալու ռեալ իրադարձություն սռեղծող կուսակցություն: Մոտ 350 մարդ միացել է մեր նախաձեռնությանը: Մենք ամեն ինչ անելու ենք մեր խոսքը տեղ հասցնելու համար»,- հավելեց Բաբկեն Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ իրենց կուսակցության Համագումարը տեղի կունենա փետրվարի 23-ին:
Նոր է ստեղծվել նաև «Առաքելություն» կուսակցությունը, որի քաղխորհդի անդամ Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ իրենք անելիքների պակաս չունեն: «Երբ Սերժ Սարգսյանի օրոք երկիրը լքել է մոտ 200000 մարդ, ծնելիությունն ու ամուսնությունը նվազում են, ցանկացած քաղաքական ուժ ունենալու է խնդիրներ, իսկ մոտ 15-20 տարի հետո չի լինելու այն զանգվածը, որի հետ հնարավոր կլինի քաղաքական պայքար մղել»,- ասաց նա և ավելացրեց, որ քանի դեռ ՀՀ-ում չի գործում Սահմանադրության 2-րդ հոդվածը` ՀՀ-ն պատկանում է ժողովրդին, չենք կարող խոսել ժողովրդի բարգավաճման մասին:





