AM
8 Փետրվար 2013 - 05:26 AMT

Պետրոս Մակեյան. Կուլիսներում ՀԱԿ-ը կուսակցության վերածելու մասին վաղուց էինք խոսում

Մամուլի էջերում և ակումբներում այդքան քննարկված ՀԱԿ մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ՀԱԿ-ն առողջացնելու փաթեթը Կոնգրեսի քաղհորհրդի նիստում այդպես էլ չհասցրեց քննարկվել: Փաթեթը, որով առաջարկվում է լուծարել ՀԱԿ համակարգողի լիազորությունները և ղեկավարումն իրականացնել ռոտացիոն կարգով` ՀԱԿ մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչներից, պետք է քննարկվեր հաջորդ շաբաթ տեղի ունենալիք նիստում, սակայն մինչ այդ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պտրոսյանը հայտարարեց ՀԱԿ-ի հիման վրա կուսակցություն հիմնելու մասին:

«Կարծում եմ՝ իրավիճակը կփոխվի Լևոն Տեր- Պետրոսյանի հայտարարությունից հետո: Առանց քննարկման Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է իր մոտեցումները` Կոնգրեսը կուսակցության վերածելու, բնականաբար այդ պարագայում որևէ բարեփոխման կամ ճգնաժամից դուրս գալու ծրագիր անիմաստ է ներկայացնել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պետրոս Մակեյանը:

Նա հայտնեց, որ իրենք կուլիսներում վաղուց էին այդ մասին խոսում, իսկ իր վերաբերմունքը այդ ամենին բացասական է: «Առաջիկայում լինելու է մեր համագումարը, ինչի մասին մեկ ամիս առաջ արդեն որոշել էինք, ժամանակագրական առումով զուգադիպում է, և կարծում եմ համագումարում մեր ասելիքը հստակ կլինի»,- ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը: