AM
5 Սեպտեմբեր 2005 - 02:39 AMT

ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՅՍՕՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆՈՒՄ Է ԼԱՏՎԻԱ

Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնեց Լատվիա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նախատեսվում են հանդիպումներ վարչապետի, պաշտպանության նախարարի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, ինչպես նաեւ խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի հետ: Այցի շրջանակներում կստորագրվի «ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՀ պաշտպանության նախարարության միջեւ ռազմական համագործակցության մասին» համաձայնագիր: Սեպտեմբերի 7-9 հայկական պատվիրակության պաշտոնական այցը կշարունակվի Էստոնիայում: Այստեղ նախատեսվում են նման մակարդակի հանդիպումներ: Այցի արդյունքում նախատեսվում է Հայաստանի եւ Էստոնիայի պաշտպանական գերատեսչությունների միջեւ Ռազմական գործակցության ոլորտում փոխըմբռնման մասին հուշագրի ստորագրում: Ստորագրման համար նախատեսվող փաստաթղթերը ուղղված են անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծմանը, որը կապահովի ռազմական գործակցությունը նշված երկրների եւ Հայաստանի միջեւ: