Այս ընտրությունները նախորդից շատ են տարբերվում: Նման կարծիքի է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին նա նկատեց, որ այս ընտրություններում տարբերվում է թեկնածուների և նրանց թիմերի հռետորիկան, և, որ ամենակարևորն է, չկա ագրեսիվ լարվածությունը, որը ուղեկցում էր նախորդ ընտրություններին:
Թեև սրված լարվածություն չկա, բայց մրցակցություն, ըստ Ռուբեն Հակոբյանի, կա գոնե հիմանական երեք թեկնածուների միջև, ովքեր ներկայացնում են իրենց ծրագրերը: Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ այդ ծրագրեում վերջնական արդյունքներն ու նպատակները նույնն են, միայն տարբեր են դրանք իրագործելու մեխանիզմենրը:
«Հիմնական ընտրությունը և մրցակցությունը թեկնածուների անձերի մեջ է, մարդիկ պետք է նայեն նրանց անցած ճանապարհը և որոշեն նրանցից ով որքանով կարող է իրականացնել ներկայացրած ծրագիրը»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը: Նա կարծում է, որ այս առումով իրենց թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, շահեկանորեն տարբերվում է մյուներից:
Այս ընտրությունները ևս մեկ առանձնահատկություն ունեն: Թեկնածուների մի մասին քաղաքագետները դիտում են որպես երկրորդ էշելոն: «Նրանց հիմնական խնդիրն է ցեխ շպրտել ընդդիմության թեկնածուների վրա: Նրանց տեսակետները ժողովուրդը լուրջ չեն ընդունում: Թեկնածուների՝ այս պահին եղած ներկապնակը ուղիղ համեմատական է մեր ներքաղաքական մշակույթին»,- պարզաբանեց Ռուբեն Հակոբյանը:
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ «Ժառանգություն»-ը հաղթած նախագահին շնորհավորելու և ձեռք սեղմելու մշակույթ ձևավորի, Ռուբեն Հակոբյանն ասաց. «Եթե հնարավոր լինի, որ մենք հարթենք այն մշակույթը, որ նախագահը ընտրվի արդար թափանցիկ ընտրություններում, ապա հնարավոր է»:
Ինչ վերաբերում է հաճախակի ներկայացվող սոցիոլոգիական հարցումներին, ըստ որոնց Րաֆֆի Հովհաննիսյանը 20%-ից մի քիչ ավելի ձայն կհավաքի, ապա Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ այդ հարցումների արդյունքները միշտ հակասում են իրար: «Այս երկու շաբաթների ընթացքում մեր հարցումներով Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը երկուսուկես անգամ բարձրացել է և դեռ բարձրանալու միտում կա: Մենք ակնկալում ենք հաղթանակի տոկոս»,- եզրափակեց նա:





