AM
8 Փետրվար 2013 - 10:13 AMT

Ալեքսանդր Իսկանդարյան. Պ.Հայրիկյանի մահափորձը համակարգի դեմ էր, իսկ համակարգը դիմացավ

Ընտրությունների արդյունքները հասկանալի են դարձել դեռևս անցած տարվա դեկտեմբերին, երբ Սերժ Սարգսյանի դեմ չառաջադրվեց Գագիկ Ծառուկյանը: Կարծիքը «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանինն է: Նա այսօր ասուլիսի ժամանակ նաև նշել է, որ եթե ֆորսմաժորային որևէ դեպք չլինի` Սերժ Սարգսյանը հենց առաջին փուլով կընտրվի:

«Նույնիսկ Հայրիկյանի հետ կատարվածն էական որևէ բան չփոխեց: Ես չէի համարի, որ ընտրությունները մրցակցային չեն: Ինձ շատ հետաքրքիր է, թե երրորդ և չորրորդ տեղերը ովքեր կգրավեն, հետաքրքիր է, թե նա կանցնի Հրանտ Բագրատյանին, թե ոչ: Շատերի մոտ Հրանտ Բագրատյանը ասոցացվում է որպես ՀԱԿ և դրա համար նրան ձայներ կտան», – ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Պ.Հայրիկյանի դեմ մահափորձի մասին քաղաքագետը նաև նշեց, որ կրակոցը Պ. Հայրիկյան թեկնածուի դեմ չէր, նա ֆավորիտ չէր: Կրակոցը համկարգի դեմ էր, իսկ համակարգն, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, դրան դիմացավ: «Ոչ պրոֆեսիոնալ կրակոց էր: Հնարավոր է, որ կրակել է, բայց չի ցանկացել սպանել, այլ վիրավորել, սակայն այդ դեպքում կրակողը կրակում է հեռվից և գնում է փակ դեմքով»,- ասաց քաղաքագետը:

Թեկնածուներին թիկնապահներ կցելու վերաբերյալ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ քիչ չեն դեպքերը, երբ կրակել են բարձր մակարդակով անվտանգությունն ապահոված մարդկանց, երկրի ղեկավարներին:

Վերադառնալով մեր երկրի առաջիկա ղեկավարի ընտրություններին քաղաքագետը նշեց, որ թեկնածուները դեռ ժամանակ ունեն իրենց թեկնածությունը հանելու համար ու, ինչպես արդեն հայտնի է, Արամ Հարությունյանն ասել է, որ հանելու է: Իսկ Անդրիաս Ղուկասյանի գործոնը, անհնար է, որ անհաղթահարելի խոչընդոտ համարվի և ընտրությունները հետաձգվեն:

«Պարտադիր չէ, որ բոլոր թեկնածուները ընտրություններին մասնակցեն հաղթանակի համար, լինում են նաև այլ նպատակներ: Կարծում եմ` նրանցից ոմանք էլ հասկանում են, որ չեն կարող Սերժ Սարգսյանին լուրջ մրցակից լինել», -ասաց Ալեքսանդր Իսկանդարյանն` ավելացնելով` բոլոր ընտրություններն էլ հետաքրքիր են, այս ընտրություններին, օրինակ, հայտնվեցին նոր դեմքեր: Բացի այդ ընտրություններով ամեն ինչ չէ, որ վերջանում է: Այս ընթացքում քաղաքական այլ գործընթացներ էլ են զարգանում, ինչպես Լևոն Տեր-Պետրասյանի` ՀԱԿ-ը կուսակցության վերածելու մասին հայտարարությունը:

«ՀՀՇ-ն ՀԱԿ դարձնելը պատահական չէ: ՀԱԿ-ի նպատակը` համախմբել նրանց, որոնք դեմ են, չստացվեց, որովհետև մեզ մոտ գնացքը գնացել էր, ի տարբերություն հարևան Վրաստանի, որտեղ Իվանիշվիլուն դա հաջողվեց: Մեր ընդդիմությունը գնալով փողոցից դուրս կգա ու խորհրդարան կմտնի: Այդ գործընթացն արդեն սկսվել է», – ասաց Ալեքսանդր Իսկանդարյիանն ու նշեց, որ դա տրամաբանական է: