AM
8 Փետրվար 2013 - 12:29 AMT

Քարակերտի դպրոցը հիմնանորոգումից հետո դարձել է նորարարական ուսումնական հաստատություն

Հայաստանի մանուկներ հիմնադրամը շահագործման հանձնեց Քարակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Անմխիթար վիճակում գտնվող դպրոցը հիմնանորոգումից հետո դարձել է Հայաստանի նորարարական ուսումնական հաստատություններից մեկը։

Դպրոցում հիմնադրվել է Հայաստանում առաջին ատամների մաքրման կայանը։ Վերջինս հագեցած է լվացարաններով, ատամի խնամքի պարագաներով, ցուցադրական-ուսումնական նյութերով։ Դպրոցի տարրական դասարանների աշակերտները դասամիջոցներին կայանում պետք է մաքրեն իրենց ատամները։

Մյուս նորամուծությունը ստեղծագործարանն է՝ դասարանի ժամանակակից մոդելը, որում համադրված են դպրոցի գրադարանը, համակարգչային սենյակը և առկա են դասեր ու միջոցառումներ անցկացնելու հնարավորություններ։

Դպրոցում ստեղծվել է նաև տարրական դպրոցի մոդելային դասասենյակ։ Այն բաժանված է երկու մասի, որոնցից մեկը նախատեսված է դասերի, մյուսը՝ խմբային աշխատանքների, խաղերի և հանգստի համար։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակակից երեխաները նախընտրում են սովորել նաև դասարանից դուրս, դպրոցում ստեղծվել է ճեմուղի, որտեղ ուսուցիչները կարող են անցկացնել բացօթյա դասեր՝ հին հունական ճեմարանի մոդելով։ Դպրոցում հիմնադրվել է նաև Վերնատուն, որտեղ սովորողները արվեստի դասեր անցկացնելուց զատ, ոգեշնչող միջավայրում հնարավորություն ունեն կատարել ստեղծագործական աշխատանքներ, ինչպես նաև անցկացնել քննարկումներ, բանավեճեր տարբեր թեմաների շուրջ։

250 աշակերտ ունեցող դպրոցը հիմնանորոգվել է «Կանակա» ընկերության կողմից։ Դպրոցի շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի բարերարների ջանքերով։ Հատուկ ծրագրերով դպրոցին աջակցել են Վիվա-Սելլ ՄՏՍ ընկերությունը, Էյչ-էս-Բի-Սի Հայաստան բանկը, Քրոնիմետ բարեգործական ընկերությունը, Կանակա ընկերությունը։ Նվիրատվություն են կատարել նաև գյուղի գործարարները և ծնողական, ուսուցչական համայնքները։

Քարակերտի թիվ 1 դպրոցը հիմնադրամի կողմից հիմնանորոգված թվով 6-րդ դպրոցն է։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ (բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է կրճատել գյուղական աղքատությունը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004 թ. և այդ ժամանակից ի վեր իրականացվել են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվել են համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիր և Արագածոտն մարզերի Բաղրամյանի և Թալինի շրջանների 11 գյուղական համայնքների ավելի քան 27,000 բնակիչները: