AM
10 Փետրվար 2013 - 11:10 AMT

«Նարեկացի» արվեստի միությունում նշել են Բուն Բարեկենդանը

«Վան» ազգագրական համույթը «Նարեկացի» արվեստի միություն նշել է Բուն Բարեկենդանի տոնը, որի ընթացքում հնչել են Կոմիտասի ժողովրդական երգեր։ Համույթը հանդիստեսին է ներկայացրել Բարեկենդանի ծեսերը` երգ ու պարով, կատակներով, ավանդական ծիսակատարության բեմադրությամբ, հայտնում են «Նարեկացի» արվեստի միությունից:

«Բարեկենդանը մեր հայկական դիմակահանդեսն է, մենք ուրախ ազգ ենք եղել, այսօր մոռացել ենք, չգիտենք և տեղեկացված չենք այդ մասին և ուրախանալու համար նախընտրում ենք օտար տոները», – ասել է համույթի խմբավար Գայանե Բադալյանը:

Համերգին իր ծիսական տիկնիկերով մասնակցել է նաև նկարիչ Լուսիկ Ագուլեցին: Նա հանդիսատեսին է ներկայացրել իր պատրաստած տիկնիկները, պատմել, թե յուրաքանչյուրն ինչ դեր և նշանակություն է ունեցել Բարեկենդանի տոնի ծիսական արարողություններում` հին հայկական ավանդական ընտանիքներում և համայնքներում :

Համերգի ավարտին «Վան» ազգագրական համույթի անդամները ներկաներին հյուրասիրել են իրենց պատրաստած հայկական ավանդական գաթայով, հալվայով և տոնական այլ աղանդերով:

«Այնքան ենք ոգեշնչվել, ազդվել, ուրախացել, որ դուք չգիտեմ ինչպես, բայց ես հիմա ինձ զգում եմ Արևմտյան Հայաստանում։ Վանում եմ եմ ինձ զգում», – համերգի ավարտին ասել է «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարթունյանը և համույթին նվիրել «Նարեկացիի» խորհրդանշական նվերները:

«Վան» ազգագրական համույթը հիմնադրվել է 1979 թ.-ին, Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում (այժմ ՀՊՃՀ) հայ ազգագրական երգի մի խումբ նվիրյալների կողմից: Համույթի հիմնադիր ղեկավարներն էին հայ երգի Հայրիկ Մուրադյանը և Հարություն Փանոսյանը: Համույթը 1980 թ.-ից հյուրախաղերով հանդես է եկել Կիևում, Ստավրոպոլում, Ռումինիայում, Մոսկվայում, Չերնովցիում, իսկ 1996թ.՝ Իտալիայում: Տարիներ շարունակ բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում, սահմանամերձ շրջաններում:

2011-ին «Վան» ազգագրական համույթը հիմնել է Հայրիկ Մուրադյանի անվան Հայ երգի ակումբը, որտեղ հնչեցնում է հայ ազգագրական երգ ու պարը, սովորեցնում ցանկացողներին: «Վանը» այսօր շարունակում է գործել շնորհիվ իր խմբի հիմնադիրների ու նվիրյալների: Այսօր համույթի երգացանկում կա շուրջ 150 երգ, նաև 20 -25 պար: