Հայաստանի նախախորհրդարանը և «Սահմանադրական Արցախ» շարժումը հանդես են եկել հայտարարությամբ Արցախի հարցի վերջնական և հայանպաստ լուծման հեռանկարի վերաբերյալ տեղի ունեցած համատեղ քննարկման ընթացքում: Հայտարարությունն ընդունվել է 2013 թ. փետրվարի 12-ին, Հադրութում: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. 25 տարի առաջ՝ 1988 թ. փետրվարի 12-ին, Հադրութում ծնունդ առավ Արցախյան շարժումը, որն օրերի ընթացքում հասավ Ստեփանակերտ, ապա Երևան ու վերածվեց հուժկու համաժողովրդական շարժման՝ որպես արդյունք արձանագրելով երկու մեծագույն ձեռքբերում: Դրանցից մեկը Արցախի պատմական տարածքների մի զգալի մասի ազատագրումն ու փաստացի միացումն էր Հայաստանին, իսկ մյուսը` Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը:
Սակայն, դրա հետ մեկտեղ, ձևավորվեցին ազգային շահերի հաշվին անձնական և կլանային շահերի իրացմանը ծառայող պետական կառավարման համակարգ ու վերնախավ, որոնց գործունեության հետևանքով հայությունը հայտնվել է Արցախյան շարժման ձեռքբերումները կորցնելու վտանգի առջև:
Հայաստանի Նախախորհրդարանը և «Սահմանադրական Արցախ» շարժումը, առաջնորդվելով Արցախյան շարժման ձեռքբերումներն ամրապնդելու ու զարգացնելու հրամայականով, հայտարարում են, որ.
1. մեր ժողովրդի արյան ու պայքարի գնով ձեռք բերածն անսակարկելի է,
2. ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցվեն և զարգացվեն,
3. Արցախյան շարժումը պետք է ավարտվի Հայաստանին Արցախի դե յուրե միավորմամբ,
4. Արցախի հարցի վերջնական ու հայանպաստ լուծումը հնարավոր է միայն համահայկական համատեքստում՝ Հայաստանում (ներառյալ Արցախը) ազգային նպատակներ և խնդիրներ առաջադրելու ու իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության միջոցով,
5. 25 տարի անց, հանուն ազգային վերածննդի` հայությունը վերսկսում է ինքնիշխանության, քաղաքական ազատության ու սոցիալական արդարության հաստատման համար իր պայքարը:





