Հայ-իրանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Այս հարաբերությունները կարող են օրինակ հանդիսանալ ցանկացած այլ պետության համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսին: «Այժմ երկու պետությունների համատեղ ծրագրերից գլխավորը Մեղրիի ՀԷԿ-ի գործարկումը, 3-րդ էլեկտրահաղորդիչ գծի ստեղծումը, Իրանի և Հայաստանի միջև երկաթգծի միացումն է, որը կշարունակվի նաև Վրաստանում: Իմ մեծագույն ցանկությունն է, որ այս ծրագրերը իրականան»,- ասաց դեսպանը:
Դեսպանի համոզմամբ՝ Հայաստանում պետք է զարկ տրվի անասնապահությանը: «Հայաստանը գյուղատնտեսական երկիր է և կարող է անասնապահության համար լավ երկիր լինել, բայց, ցավոք սրտի, անասունները քիչ են: Ես իմ սեփական ուսումնասիրությունն եմ կատարել, որը ցույց է տվել, որ Հայաստանը կարող է անասունների 7 մլն գլխաքանակ ունենալ: Իրանը անասունների մեծ պահանջարկ ունի, և հայերը կարող են 2-3 մլն անասուն արտահանել: Երեկ մի մարդ էր դիմել ինձ և ցանկանում էր 500 հազար անասուն գնել Հայաստանից»,- նշեց Մոհամմադ Ռեիսին:
Դեսպանը հերքեց, որ Սյունիքի արոտավայրերը Իրանը վարձակալել է. «Նման բան տեղի ունենալու համար պետք է պայմանգիր կնքվի, որ կհասատվի երկու պետությունների խորհրդարանների կողմից: Սակայն այդպիսի բան տեղի չի ունեցել: Մենք արոտավայրեր շատ ունենք: Այդ առաջարկը հիմնված է այն բանի վրա, որ Հայաստանում անասնապահությունը պետք է զարգանա: Պայմանագիրը կնքված չէ, սակայն քննարկումները շարունակվում են» ,- ասաց Իրանի դեսպանը:
Մոհամմադ Ռեիսին հայտարարեց նաև, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները չեն կարող ազդել երկու պետությունների հարաբերությունների վրա: «Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվում են Իսլամական հեղափոխությունից ի վեր, և կարող եմ ասել, որ դա միայն խթանում է Իրանի տնտեսական զարգացումը: Եթե պատժամիջոցները չլինեին, զարգացումները նույնպես չէին լինի: Դա ոչ մի կերպ չի կարող ազդել Իրանի և Հայաստանի հարաբերությունների վրա: Մեր արտադրատեսակներից շատերը այլ երկրներ չեն արտահանվում, բայց Հայաստան անպայման բերվում են»,- ասաց Մոհամմադ Ռեիսին:





