Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Թայլանդի Թագավորության ԱԳ փոխնախարար Վիրաչայի Վիրամետիկուլի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-թայլանդական հարաբերությունների զարգացման դինամիկան` կարեւորելով բարձր մակարդակով փոխայցելությունները, որոնք իրականացվել են վերջին տարիների ընթացքում: Նշվել է, որ այցերը խթանում են ինչպես տնտեսական, այնպես էլ գիտակրթական եւ մշակութային ոլորտներում կապերի խորացմանը: Այնուհետեւ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք երկկողմ եւ միջազգային հարցերի շուրջ, արվել են առաջարկներ փոխադարձ կապերի խորացման եւ ընդլայնման հնարավորությունները լիարժեք օգտագործելու վերաբերյալ: Այսօր Վիրաչայի Վիրամետիկուլինը հանդիպել է նաեւ Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանի հետ: Զրուցակիցները քննարկել են «Հայաստանի Հանրապետության եւ Թայլանդի Հանրապետության կառավարությունների միջեւ Գործողությունների համատեղ Ծրագրի» դրույթները` նշելով, որ այն ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ուղղությունները, խթան հանդիսանալով հատկապես գյուղատնտեսության, առեւտրի եւ տնտեսության մի շարք այլ բնագավառներում փոխգործակցության խորացման: Այս համատեքստում կողմերը նաեւ քննարկել են երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի համալրման հետ կապված հարցեր:





