AM
12 Փետրվար 2013 - 13:29 AMT

Ապագա դիվանագետներին հյուրընկալել են Ազգային ժողովում

Փետրվարի 12-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ:

Հանձնաժողովի նախագահը համալսարանականներին ծանոթացրեց խորհրդարանի, ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների գործառույթներին, անդրադարձավ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայ պատգամավորների աշխատանքին: Արտակ Զաքարյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը միջազգային կառույցներում տեսակետների ներկայացման, դիրքորոշումների արտահայտման, երկրի մասին օբյեկտիվ պատկերացում ստեղծելու և կարծիքներ ձևավորելու լայն հնարավորություն է ընձեռում:

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեց նաև ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

Հանդիպման ավարտին Արտակ Զաքարյանն ապագա դիվանագետներին ուսման մեջ հաջողություն մաղթեց՝ հորդորելով լինել նպատակասլաց ու հետևողական և իրենց մասնագիտական նպաստը բերել հայրենիքի զարգացմանը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: