AM
8 Սեպտեմբեր 2005 - 07:18 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԹԱՅԼԱՆԴԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպել է Թայլանդի Թագավորության արտաքին գործերի փոխնախարար Վիրաչայ Վիրամեչեկուլին, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ա. Մարգարյանը նշել է, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս Թայլանդի հետ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը` ավելացնելով, որ Թայլանդ կատարած իր այցից հետո երկկողմ ակտիվ աշխատանք է սկսվել այցի ընթացքում ձեռքբերումները կյանքի կոչելու համար: Ըստ վարչապետի` համագործակցության առաջընթացի մասին է վկայում նաեւ Հայաստանի եւ Թայլանդի միջեւ «գործողությունների համատեղ ծրագրի» ստորագրման փաստը: Ա.Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այդ փաստաթղթում ուրվագծված են երկկողմ տնտեսական գործընկերության հիմնական ուղղությունները, որոնց իրագործումը զգալիորեն կնպաստի նաեւ սոցիալական հիմնախնդիրների լուծմանը: Վրաչայ Վիրամեչեկուլին իր հերթին եւս գոհունակություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ փոխգործակցությունը դուրս գալով քաղաքական ռազմավարության եւ տնտեսական ծրագրերի քննարկումների ու մշակումների շրջանակներից, աստիճանաբար թեւակոխում է առավել գործնական փուլ: Որպես ասվածի հաստատում` նա նշել է, որ սեպտեմբերի 21-ին Բանկոկում կբացվի Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչություն: Կարեւորելով երկու երկրների գործարարների միջեւ ուղղակի կապերի ակտիվացումը` կողմերը նշել են, որ այդ ամենը ակնհայտորեն նպաստում է երկկողմ առեւտրաշրջանառության եւ ներդրումների աճին: Զրուցակիցները ողջունել են նաեւ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների նախաձեռնությունը` Հայաստանում մշտական գործող առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսներ կազմակերպելու վերաբերյալ, ինչը, ըստ նրանց, նոր հեռանկարներ կբացի տնտեսական ու առեւտրային հարաբերությունների խթանման համար: Կողմերը գոհունակությամբ են նշել նաեւ շարունակաբար խորացող միջխորհրդարանական կապերի մասին: Նշելով, որ երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարային զարգացումները մեծապես պայմանավորված են իրավապայմանագրային դաշտով` Ա.Մարգարյանն ընդգծել է, որ Թայլանդի վարչապետի հետ պայմանավորվածության համաձայն` անհրաժեշտ է ընդլայնել այդ դաշտը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: