AM
13 Փետրվար 2013 - 07:51 AMT

Երևանն ակնկալում է սկսել մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսությունը

Նախարար Էդվարդ Նալբանդյանն ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որ կայացել է փետրվարի 12-ին Թբիլիսիում: Իր ելույթում նա մասնավորապես ասել է.

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրացի գործընկերոջը՝ արտգործնախարար Մայա Փանջիկիձեին, ջերմ հյուրընկալության և այս նախարարական հանդիպումը գերազանց կազմակերպելու համար։

Անցած տարիների ընթացքում, մենք ականատես եղանք, որ Արևելյան գործընկերությունը հետզհետե վերածվում է բովանդակային հարթակի, որը առավել լայն հնարավորություններ է նախանշում քան Եվրոպական հարևանության քաղաքականությունը։ 2012թ-ի հուլիսին ընդունված Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզը օգտակար ուղեցույց է ծառայել Եվրոպական Միության հետ մեր ընդհանուր օրակարգի զարգացման և իրագործման համար։ Հայաստանը լավ առաջընթաց է գրանցել Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացման բոլոր հիմնական ոլորտներում՝ Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցություններում, մարդկանց շարժունակության և ոլորտային համագործակցության բնագավառներում։ Մենք մոտեցել ենք Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ավարտական փուլերին և ակնկալում ենք եզրափակել գործընթացը մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը: Ժողովուրդների միջև շարժունակության դյուրացումը Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության կարևոր բաղադրիչ է հանդիսանում, ինչպես դա արտացոլված է Ճանապարհային քարտեզում։ Մենք հաջողությամբ բանակցել և ստորագրել ենք մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը և ակնկալում ենք սկսել մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսությունը։

Մեր քաղաքացիների միջև կապերը և փոխանակումները էլ ավելի խթանելու նպատակով Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել համաձայն որի բոլոր ԵՄ քաղաքացիները ինչպես նաև Շենգենյան համաձայնագրի դրույթները կիրառող պետությունների քաղաքացիները այժմ Հայաստան ուղևորվելիս ազատված են մուտքի արտոնագրի պահանջից։

Հայաստանի և Եվրամիության միջև Շարժունակության գործընկերությունը նպատակաուղղված է ամրապնդելու մեր հարաբերությունները՝ կենտրոնանալով օրինական և աշխատանքային միգրացիայի ավելի լավ կառավարման վրա, խթանելով փոխանակման ծրագրերը և միասնական նախաձեռնությունները մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում, աջակցելով վերադարձի և վերաինտեգրման քաղաքականության արդյունավետ իրականացմանը։ Մենք մի շարք գործնական քայլեր ենք ձեռնարկել շարժունակության վերաբերյալ համատեղ հռչակագրի դրույթներն իրականացնելու համար, ասել է նախարարը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: