ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որ կայացել է փետրվարի 12-ին Թբիլիսիում: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. Հայաստանը ակտիվ մասնակցություն է բերում Արևելյան գործընկերության բազմակողմանի հարթությունում: Մենք առաջարկել ենք հյուրընկալել Հայաստանում բազմակողմանի հարթության շրջանակներում անցկացվող մի շարք միջոցառումներ՝ մասնավորապես միգրացիայի և շարժունակության խնդիրներին նվիրված, նաև արդարադատության ոլորտում «Անվճար իրավական օգնություն բոլոր քաղաքացիների համար» սեմինարները։ Ծրագրված է այս տարվա ընթացքում Երևանում անցկացնել «Մարդկային շփումներ» խորագրի ներքո սեմինար՝ Արևելյան գործընկեր պետությունների միջև կրթական և գիտական փոխանակումները խրախուսելու նպատակով։
Ասոցացման համաձայնագրի, Խորը և hամապարփակ ազատ առևտրի գոտու և Մուտքի արտոնագրի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը որոշակի խնդիրներ են դնում Արևելյան գործընկերների առջև, մասնավորապես, անհրաժեշտություն է առաջանում ամրապնդելու այդ գործընթացներում ներգրավված կամ ներգրավվելիք կառույցների ինստիտուցիոնալ, տեխնիկական և մարդկային կարողությունները: Այս առումով, մենք գնահատում ենք Եվրոպական Միության աջակցությունը, ներառյալ Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագիրը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:





