AM
13 Փետրվար 2013 - 08:05 AMT

ԱԳ նախարարը վերահաստատել է նախարարական ոչ պաշտոնական երրորդ հանդիպումը Երևանում անցկացնելու առաջարկը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որ կայացել է փետրվարի 12-ին Թբիլիսիում: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. Որքան մենք մոտենում ենք 2013-ի Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, մենք նկատում ենք, որ մեր համագործակցության ձեռքբերումները Արևելյան գործընկերության շրջանակներում ավելի ու ավելի տեսանելի են դառնում: Մենք արդեն սկսել ենք խորհրդակցությունները նոր փաստաթղթի՝ Ասոցացման օրակարգի վերաբերյալ, որը կփոխարինի Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը: Դա մեր համագործակցությունը կտեղափոխի նոր շրջանակ՝ հաշվի առնելով գրանցված ձեռքբերումները, միաժամանակ ուրվագծելով ավելի արդյունավետ և նպատակաուղղված օրակարգ: Նոր փաստաթուղթը պետք է արտացոլի մեր համագործակցության հավակնոտ օրակարգը, առանձնացնի գերակա ոլորտները, և նպաստի Ասոցացման համաձայնագրի հաջող իրականացմանը:

Ասոցացման համաձայանգրի դրույթների արդյունավետ կիրառումը, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին, պահանջում է լրացուցիչ ջանքեր գործընկեր պետություններից: Միևնույն ժամանակ մենք գիտակցում ենք, որ հանձնառությունները, որոնք պետք է կիրակվեն գագաթանժողովից հետո, կպահանջեն աջակցության ավելի բարձր մակարդակ՝ «ավելին ավելիի դիմաց» մոտեցմանը համահունչ:

Եզրափակելով խոսքս, կցանկանայի վերահաստատել նախարարական ոչ պաշտոնական երրորդ հանդիպումը սեպտեմբերին Երևանում անցկացնելու առաջարկը, որը մեզ լավ հնարավորություն կտա քննարկելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ձևաորելու մեր ընդհանուր օրակարգը Վիլնյուսի գագաթաժողովի նախաշեմին, ասել է ԱԳ նախարարը, PanARMENIAN.Net-ին են հայտնել ԱԳՆ մամլո ծառայությունից: