AM
14 Փետրվար 2013 - 05:26 AMT

Երևանի ավագանու ընտրություններ. Քաղաքապետի պաշտոնի համար թեժ պայքար կլինի՞

Այսօր Կառավարության նիստում դրված է «Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Եթե այն հաստատվի ապա Երևանի ավագանու ընտրությունները կնշանակվեն 2013թ. մայիսի 5-ին:Այս ընտրությունների համատեքստում ամենաշատը քննարկվում է այն հարցը, թե արդյո՞ք ԲՀԿ-ն կմասնակցի դրանց և ի՞նչ ցուցակով: Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն հրաժարվեց երկրի նախագահի պաշտոնի համար պայքարից: Կուսակցությունը նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրեց և որևէ մեկին չսատարեց:

Ըստ քննարկվող վարկածներից մեկի՝ ԲՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին կգնա այնպիսի ցուցակով, ինչպիսին ԱԺ ընտրությունների ժամանակ էր: Մեկ այլ վարկածի համաձայն՝ ԲՀԿ ցուցակը կլգխավորի ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհարբյանը:

Ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ իրեն առանձապես վատ չի զգում ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում և, ընդհանրապես, իրեն համարում է խորհրդարանական: «Գործադիր կառույցը ինձ խորթ է աշխատանքի համար, բայց, թե ով կգլխավորի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը, որոշումը կկայացնի կուսակցությունը»,- ասել էր նա:

Այս ընտրություններին մասնակցության մասին հայտնել են նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները: Կարծես, թե պայքարն ավելի հետաքրիր է լինելու, քան նախագահականի դեպքում է:

Ավելացնենք, որ Երևանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը: