AM
14 Փետրվար 2013 - 08:07 AMT

Հայրիկյանը՝ մյուս թեկնածուների մասին. Չեն հասկանում, որ Հայրիկյանի խարանի տակ են ընկել

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում դեմ հունվարի 31-ին մահափորձ էր իրականացվել կարծում է, որ «դեռ տաք ենք, որպեսզի կատարվածին ճիշտ գնահատական տանք»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրեց, որ նման իրավիճակում արդեն մեկ անգամ եղել է: «1988-ին դարձյալ ահաբեկիչներ ինձ փորձեցին մեկուսացնել քաղաքական գործընթացներից, հասկանալով, որ հիմնական ուղղությունը տանողը ես եմ: Ընտրություն, Հայրիկյանի մեկուսացում, ժողովրդի միջոցով Հայրիկյանի վերադարձ: Այն ժամանակ ես բացակայում էի ոչ իմ կամքով»,- ասաց Պարույր Հայրիկյանը և նկատեց, որ անգամ այդ պայմաններում հաջողության է հասել:

Ըստ թեկնածուի՝ հունվարի 21-31-ը իր վարկանիշը կայուն աճում էր, իսկ մահափորձը դուրս մղեց հիմանական թեկնածուներից մեկին: «Սա պետք է, որ զգաստեցներ թեկնածուներին, բայց նրանք ամենայն հանգստությամբ շարունակում էին քարոզարշավը: Այդ պահվածքով նրանք դարձել էին այդ ահաբեկչությունը պատվիրողների դաշնակիցը: Բոլորը բարդույթավորված էին, հանկարծ հիստերիա սկսվեց Հայրիկյանի դեմ: Հայրիկյանը երեկ առավոտյան սուրճ է խմել, այսօր թեյ: Այս ի՞նչ խայտառակություն է»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը:

Նրա բնորոշմամբ՝ թեկնածուները զգալով, որ ահավոր բան է տեղի ունենում, փորձեցին դաշտը փոխել: «Միայն Սերժ Սարգսյանը դադարեցրեց քարոզարշավը, այն էլ մեկ օրով: Մեկն ասում էր, դեռ պետք է ապացուցենք դա իսկապես մահափո՞րձ էր: Թեկնածուներից մեկն էլ արձանագրեց , որ փոխվել է իրավիճակը և մեծ թափով գնաց առաջ: Իրենք չեն հասկանում, որ Հայրիկյանի խարանի տակ են ընկել»,- հայտարարեց թեկնածուն:

Ինչ վերաբերում է նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանի հայտարարություններին, թե իրեն ընտրություններից հետո Հայրիկյանի գործով ձերբակալելու են, ապա Հայրիկյանը կարծում է, որ էպոսագետը լինի, թե մեկ այլ մարդ, հիմնական դեմքերը չեն: «Այսօր մենք կարող ենք ոչ միայն կաֆելշիկ գտնել, այլև աղբահավաք ահաբեկիչ: Կարևորը պատվիրատուն է: Սա մի քանի շերտով ապահովագրված գործ է»,- եզրափակեց թեկնածուն: