AM
14 Փետրվար 2013 - 08:50 AMT

Հարցում. Ընտրության եկողների 45.8 տոկոսը պատրաստի որոշումով են մտնելու քվեախցիկ

Քարոզարշավի մեկնարկին ուրվագծվում է ընտրողների 62%-անոց մասնակցություն, ինչը մոտ է նախորդների ցուցանիշներին: Սա «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցումների տվյալն է: Հարցման արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ընտրություններին հաստատ կգնան ընտրողների 51 տոկոսը, հնարավոր է գնա 5 տոկոսը: 3.8 տոկոսը չի որոշել կամ չի հայտնել գնալու է ընտրության, թե՝ ոչ: 35 տոկոսը ասել է, որ չի գնալու ընտրության: «Ընտրության եկողների 45.8 տոկոսը պատրաստի որոշումով են գալու ընտրությունների: Կասկածամիտների և տատանվողների որոշումների վրա դեռ կարող են ազդեցություններ լինել: Սակայն այս տատանվողների ձայները վճռորոշ չեն, ընտրություններն արդեն կայացած են, մնացածը քաղաքական ավանդույթ է, պետք է անցուդարձ լինի»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: Ընտրողների 20,6 տոկոսը չի ասել, թե ում է ձայնը տալու, իսկ 10,8 տոկոսը չի որոշել:

«Մենք ունենք երկու տիպի թեկնածուներ՝ մեկին ընտրում է ընտրողը, մյուսը փորձում է ընտրվել: Այդ առումով կարևոր է պարզել, թե ընտրողների քանի տոկոսն է մասնակցելու ընտրություններին»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ սոցիոլոգի՝ հետաքրքիր է նյութական շահագրգռվածխություն ունեցող զանգվածը: Ընտրության գնալու համար նրանց մի մասը կանխիկ գումար է պահանջում, մի մասը տարբեր խնդիրների լուծում:

Ավելացնենք, որ հարցումներն անցկացվել են փետրվար 8-10-ին, մասնակցել է ազգաբնակչության սեռա-տարիքա-կրթական կառուցվածքին համաչափ 1670 չափահաս բնակիչ, որոնց գտնելու համար առաջարկ է արվել 2355 հոգու: