AM
13 Սեպտեմբեր 2005 - 04:31 AMT

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Նախօրեին Փարիզում ԵԽԽՎ 14-16 բանաձեւի կիրառման նպատակով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի շրջանակներում տեղի ունեցան ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումներ, որոնց մասին մանրամասներ է ներկայացնում Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, ԵԽԽՎ -ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Քննարկումների ընթացքում «Լինկս» բրիտանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դենիս Սամուտը ներկայացրեց պատմական ակնարկ հակամարտության նախապատմության եւ խնդրի լուծման ներկա վիճակի վերաբերյալ: «Զեկույցը հետաքրքիր եւ հավասարակշռված էր եւ ձեւավորում էր օբյեկտիվ պատկերացում հակամարտության մասին»,- նշել է Տ.Թորոսյանը: Այնուհետեւ Հայաստանի արտգործնախարարության ԵԱՀԿ բաժնի վարիչ Վարուժան Ներսիսյանը ներկաներին ծանոթացրեց Հայաստանի դիրքորոշումները գործընթացին եւ կարգավորման հեռանկարներին: Նույնը պետք է աներ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, որը, սակայն, իր երկրի տեսակետը ներկայացնելու փոխարեն ներկայացրեց իր սեփական դիրքորոշումները: Այդ ելույթներին հետեւեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա) ու Յուրի Մերզլյակով (Ռուասաստան), ինչպես նաեւ ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանի ներկայացուցչի զեկույցը: Գլխավոր գաղափարը, որ հնչեց համանախագահների խոսքում այն էր, որ միայն տարածքային ամբողջականության կամ ազգերի ինքնորոշման սկզբունքների վրա հիմնված լուծում հնարավոր չէ տալ: «Պետք է կիրառվեն Հելսինկյան համաձայնագրի երկու սկզբունքներն էլ` տարածքային ամբողջականությունը, այսպես կոչված «գրավյալ տարածքների» հետ կապված եւ ինքնորոշման իրավունքը` կարգավիճակի հետ կապված հարցում»,- նշված է համանախագահների զեկույցում: Իր ելույթում ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցում հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը կրկնեց իր հայտնի զեկույցի գաղափարները` շեշտը դնելով Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարություն տալով հարցի լուծման վրա: Իր տեսակետը ներկայացրեց նաեւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Այդ ելույթներից արժե առանձնացնել ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւի ելույթը: «Հակամարտություններն ունենում են տարբեր պատճառներ, եւ Եվրոպայի Խորհուրդը չպետք է կրկնօրինակի ԵԱՀԿ գործունեությունը, իսկ լուծումը պետք է հաշվի առնի եւ տարածքային ամբողջականությունը, եւ ազգերի ինքնորոշման իրավունքը»,- նշել է նա: Թուրքական պատվիրակության ղեկավարը փորձեց կրկնել Ադրբեջանի առասպելը` Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի վերաբերյալ, սակայն խճճվեց եւ հետագայում փորձեց ներկայացնել այլ թվեր: Իր ելույթում Տ. Թորոսյանը նշել է, որ խնդրի կարգավորման հետ կապված շատ կարեւոր է մի քանի սկզբունքային հարց. առաջինը ԵԽԽՎ եւ ընդհանրապես Եվրոպայի Խորհրդի կողմից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մանդատների տարբերության հստակ տարանջատումը` Մինսկի խումբը պետք է զբաղվի հակամարտության կարգավորման խնդիրներով, իսկ ԵԽ պետք է զբաղվի խնդրի կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորմամբ: Նա նաեւ նշել է, որ առանց ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառման Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր չէ: Ի պատասխան ադրբեջանցիների մի քանի հարցադրումների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Շավար Քոչարյանը բերեց բազմաթիվ փաստեր Ադրբեջանի կողմից պատերազմական քարոզչության մասին հայտարարությունների վերաբերյալ, այսինքն` այն կետերի, որոնք ակնհայտորեն հակասում են 14-16 բանաձեւի դրույթներին: Քննարկման ավարտից հետո հանձնաժողովը շարունակեց իր աշխատանքը, որոշվեց, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին, սակայն մինչ այդ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում` հետագա անելիքների քննարկման նպատակով: